Մատչելիության հղումներ

logo-print

Բրազիլիայում գողացել են Պիկասոյի երկու փորագրանկար


Երեք զինված ավազակ երեկ երեկոյան ներխուժել են Սան Պաուլոյի «Պինակոտեկա դո Էստադո» թանգարան եւ րոպեների ընթացքում գողացել Պաբլո Պիկասոյի «Նկարիչը եւ բնորդուհին» (1963) եւ «Մինոտավրոսը, խմողն ու կինը» (1933) փորագրանկարները:

«Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է, որ ավազակները շրջանցել են թանգարանում ցուցադրվող ավելի թանկ կտավները եւ հենց Պիկասոյի երկու փորագրանկարներին են մոտեցել: Ապա նրանք գողացել են բրազիլացի երկու հայտնի արվեստագետների՝ Էմիլիանու դի Կավալկանտիի եւ Լազար Սեգալի կտավները:

«Պինակոտեկա դո Էստադո» թանգարանի խոսնակ Կարլա Ռեգինան հայտնել է, որ գողացված երկու փորագրանկարների եւ կտավների ընդհանուր արժեքը շուրջ 600 հազար դոլար է:

«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, կեսօրին մոտ երեք ավազակները, վճարելով մուտքի տոմսի համար, անմիջապես բարձրացել են երկրորդ հարկ, զենքն ուղղել են թանգարանի երեք անզեն պահակների վրա եւ, ուշադրություն չդարձնելով ավելի թանկ ստեղծագործությունների վրա, գողացել են չորս նկարներն ու դուրս են վազել: Ամբողջ «գործողությունը» տեւել է մոտ տասը րոպե:

«Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ դա պատվեր էր, նրանց կարգադրել են գողանալ հենց տվյալ չորս աշխատանքները», - ասել է Սան Պաուլոյի ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բաժնի ղեկավար 3ուսեֆ Աբու Չայնը:

Անցած տարվա դեկտեմբերին Սան Պաուլոյի Արվեստի թանգարանից գողացել էին Պիկասոյի «Սյուզան Բլոխի դիմանկարը» եւ բրազիլացի հայտնի գեղանկարիչ Կանդիդո Պորտինարիի «Օ Լավրադոր դե Կաֆե» կտավը: Այս տարվա հունվարին ոստիկանները Սան Պաուլոյի արվարձաններից մեկում գտնվող մի բնակարանում հայտնաբերել են երկու կտավները, կասկածյալը կամավոր ներկայացել է ոստիկանություն:

Երեկվա կողոպուտի գործով իրավապահները հետաքննություն են իրականացնում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG