Մատչելիության հղումներ

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի մասով քրեական գործը կարճվել է, դադարեցվել է քրեական հետապնդումը:

Սուրենյանցին եւ նրա շահերի պաշտպան Հովիկ Արսենյանին երեկ ժամը 16-ի սահմաններում են հրավիրել գլխավոր դատախազություն, եւ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց փաստաբան Արսենյանը, դատախազությունում հատկապես կարեւոր գործերով քննիչ Գեւորգյանը հայտնել է, որ «Սուրեն Սուրենյանցի վերաբերյալ քրեական գործի մասը կարճվում է` ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ, ինչպես նաեւ իրադրության փոփոխության»:

Ըստ փաստաբանի` «իրադրության փոփոխության պատճառաբանությունը վերաբերում է 225 պրիմ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերին, որ Սուրեն Սուրենյանցը 2008 թվականի փետրվարի 24-ին եւ 25-ին Ազատության հրապարակում վարել է հանրահավաքներ». որեւէ այլ մեկնաբանություն, պարզաբանում իրենց չի տրվել:

Սուրենյանցը մեղադրվում էր օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում, սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ինչպես նաեւ պետական իշխանությունը յուրացնելու համար` համապատասխանաբար, Քրեական օրենսգրքի 225 պրիմ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով, 225 հոդվածի երրորդ մասով եւ 300 հոդվածի առաջին մասով: Ընդդիմադիր գործիչը փետրվարի 25-ին կալանավորվել էր, իսկ ապրիլի 17-ին նրա խափանման միջոցը փոխարինվել էր քաղաքից չբացակայելու ստորագրությամբ:

Սուրեն Սուրենյանցը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ի սկզբանե ինձ համար ակնհայտ էր, որ ես քաղաքական հետապնդման եմ ենթարկվում, ի սկզբանե ինձ համար ակնհայտ էր, որ մարտի 1-ի գործով քրեական գործերը հեռանկար չունեն, եւ ինձ համար ակնհայտ էր, որ մի օր այս գործերը փակվելու են»:

«Ինչպես շինծու գործերը հարուցեցին, այնպես էլ անհասկանալի հիմքերով քրեական գործերը սկսել են փակել», - ընդգծեց ընդդիմադիր գործիչը` որպես «անհասկանալի հիմք» մատնանշելով, մասնավորապես, «իրադրության փոփոխություն» ձեւակերպումը:

Ըստ Հայաստանի գլխավոր դատախազության հաղորդագրության, «Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում սպանություններով, հրկիզումներով, բռնությամբ, ջարդերով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող գործի շրջանակներում, 2008 թվականի հունիսի 13-ի դրությամբ նախնական կալանքի տակ է gտվում 24 մեղադրյալ, եւս 12 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանքի հետ կապ չունեցող այլ խափանման միջոց:

Դատարան է ուղարկվել 70 քրեական գործ՝ 80 անձի վերաբերյալ, որոնցից 29 գործով՝ 32 անձի վերաբերյալ կայացվել է դատավճիռ, այդ թվում 11 անձ դատապարտվել է ազատազրկման՝ 1-5 տարի ժամկետով, 21 անձի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան, եւս 2 մեղադրյալ արդարացվել է:

Եվս 13 քրեական գործ՝ 13 անձի վերաբերյալ անջատվել են առանձին վարույթներ եւ ուղարկվել ըստ քննչական ենթակայության կամ ըստ ընդդատության՝ դատարաններ:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG