Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն կօժանդակի Կոսովոյին` ստեղծելու անվտանգության սեփական ինստիտուտները


ՆԱՏՕ-ն պատրաստակամություն է հայտնում օժանդակել Կոսովոյի իշխանություններին` ստեղծելու անվտանգության սեփական ինստիտուտները: Այս որոշումը կայացվել է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության նախարարների` երեկ Բրյուսելում մեկնարկած երկօրյա նիստում:

«Մենք այսօր պայմանավորվեցինք իրականացնել ՆԱՏՕ-ի նոր խնդիրները Կոսովոյում: Ըստ մեր որոշման` ՆԱՏՕ-ն պետք է օգնի Կոսովոյին ստեղծել անվտանգության անհրաժեշտ ինստիտուտները», - հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը` նշելով, որ դաշինքը պետք է վերահսկի նոր ուժերի կազմավորման գործընթացը:

Ըստ ՆԱՏՕ-ի խոսնակ Ջեյմս Ափաթուրայի` նախատեսվում է տեղացիներից կազմավորել 2500-հոգանոց զորախումբ, որը պետք է ունենա քաղաքացիական վերահսկողություն եւ զինված լինի թեթեւակիորեն:

Կոսովոյում տեղակայված ՆԱՏՕ-ի շուրջ 16 հազար խաղաղապահների առնչությամբ նիստում հայտարարվել է, որ զորախմբի առաքելության եւ դաշինքի մանդատի հետ կապված փոփոխություններ չկան: Զորախումբը այնտեղ կմնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի պահանջներին համապատասխան եւ այնքան ժամանակ, քանի դեռ Անվտանգության խորհուրդը չի կայացրել այլ որոշում:

Կոսովոյի գործողություններին մասնակցող երկրների ձեւաչափով գումարված Հյուսիսատլանտյան խորհրդի պաշտպանության նախարարների նիստին մասնակցում է նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Երեկ Հայաստանը 70 խաղաղապահ է ուղարկել Կոսովո` փոխարինելու այնտեղ առաքելությունն ավարտած 34-հոգանոց զորախումբը: Կոսովոյում Հայաստանի խաղաղապահ ուժերը կրկնապատկելու մասին որոշումը Ազգային ժողովն ընդունել է այս տարվա մայիսի 21-ին:

Սերբիայից միակողմանիորեն անկախացած Կոսովոյի նոր սահմանադրությունը ուժի մեջ կմտնի կիրակի օրը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG