Մատչելիության հղումներ

Երեւանի քաղաքապետարանը չի արտոնել հունիսի 20-ի ընդդիմության հանրահավաքը


Երեւանի քաղաքապետարանն այսօր չի արտոնել հունիսի 20-ի ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը:

Նրա վկայությամբ՝ քաղաքապետարանը պատճառաբանել է, թե նույն օրը մտադիր է միջոցառում անցկացնել Ազատության հրապարակում: Լեւոն Զուրաբյանը հայտնել է, որ վաղը իրենք կրկին հայտ են ներկայացնելու հանրահավաք անցկացնելու համար եւ բողոքարկելու են քաղաքապետարանի այսօրվա որոշումը դատարանում:

Ընդդիմությունը բազմիցս է հայտարարել, որ անցկացնելու է հանրահավաքը՝ անկախ քաղաքապետարանի որոշումից:

Թեեւ խորհրդարանը այս շաբաթ հաստատել է հավաքների, ցույցերի, երթերի եւ հանրահավաքների մասին օրենքի փոփոխությունները, որոնք մեղմացնում են հանրահավաքների կազմակերպման պայմանները, ներկայումս գործում է արտակարգ դրության ժամանակ ընդունված օրենքը, որը խիստ սահմանափակում է նման հնարավորությունը եւ քննադատվել է միջազգային կառույցների կողմից:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG