Մատչելիության հղումներ

logo-print

Ստեփան Դեմիրճյան. «Մարտի 1-ը շարունակաբար կեղծվող ընտրությունների տրամաբանական հետեւանքն էր»


Ընդդիմադիր արտախորհրդարանական ուժերից Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանի համոզմամբ, մարտի 1-ի իրադարձությունները տրամաբանական հետեւանքն էին երկրում շարունակաբար կեղծվող ընտրությունների, իսկ իրավիճակը շտկելու միակ ելքը արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն են:

«Իշխանությունը ամեն գնով պահելու` բռնություններով պահելու գործելակերպը հանգեցրեց մարտի 1-ի ողբերգությանը: Հիմա շատ են խոսում ճգնաժամից դուրս գալու մասին, Հանրային պալատ ստեղծելու մասին, ընդդիմության լիազորությունների ընդլայնման մասին… Ընտրությունների արդյունքում առաջացած ճգնաժամը հնարավոր է հաղթահարել ազատ, արդար ընտրությունների անցկացման միջոցով», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Դեմիրճյանը: - «Որեւէ մարմին չի կարող չեզոքացնել կեղծված ընտրությունների բացասական հետեւանքները… Այս ճգնաժամը ո’չ ռեպրեսիվ մեթոդներով է հնարավոր հաղթահարել, ո’չ էլ Հանրային պալատով կամ խորհրդով»:

Նոր ընտրությունների անցկացման ժամկետների հարցը, ըստ ՀԺԿ-ի առաջնորդի, կարող է իշխանությունների հետ «բանակցության թեմա դառնալ»:

Պատասխանելով խորհրդարանում մարտի 1-ի իրադարձությունները հետաքննելու նպատակով ստեղվող ժամանակավոր հանձնաժողովում իրենց հնարավոր մասնակցությանը վերաբերող հարցին, ՀԺԿ-ի առաջնորդը ասաց. - «Թող ստեղծվի, այն ժամանակ կքննարկենք»:

«Ցավոք, այսօր Ազգային ժողովը վստահություն չի ներշնչում, եւ Ազգային ժողովի հանձնաժողովն էլ, համապատասխանաբար, վստահություն չի ներշնչում: Մեզ պետք է, որպեսզի այդ հանձնաժողովը վստահություն ներշնչի, - շարուանկեց նա: - «Դրա համար էլ գտնում ենք, որ ճիշտ կլինի, որպեսզի ընդգրկվեն հավասարապես իշխանությունից եւ ընդդիմությունից` թե’ խորհրդարանական եւ թե’ արտախորհրդարանական»:

Խոսելով հունիսի 20-ին ընդդիմադիր ուժերի` Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մտադրության մասին, Ստեփան Դեմիրճյանը ասաց, թե իշխանությունը «ճիշտ կանի, եթե արտոնի այդ հանրահավաքը», քանի որ ընդդիմության դիմումները շարունակաբար մերժելը «օրինական չէ»:

Նա ասաց, որ, ամենայն հավանականությամբ, ելույթ կունենա այդ հանրահավաքում:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG