Մատչելիության հղումներ

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ այցելել է «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ եւ ընդունել Ազգային ժողովի պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին, ինչպես նաեւ Գագիկ Ջհանգիրյանին եւ Արարատ Զուրաբյանին:

Գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «գլխավոր դատախազի հարցումներին ի պատասխան, կալանավորները հայտնել են, որ որեւէ բողոք չունեն քրեակատարողական հիմնարկի պայմանների, վարչակազմի վերաբերմունքի, նախաքննություն իրականացնող մարմնի վերաբերյալ, դժգոհություններ չեն ներկայացրել նաեւ իրենց առողջական վիճակի հետ կապված»:

Նույն աղբյուրի համաձայն՝ կալանավորվածներից ոմանք առանձին հարցեր են շոշափել՝ կապված իրենց առաջադրված մեղադրանքների ծավալի հետ:

Չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրությունում Գագիկ Ջհանգիրյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը պարզաբանել են, որ իրենց պաշտպանյալը «որեւէ ընդունելություն չի խնդրել, իսկ 2008 թվականի հունիսի 11-ին քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նրան հրավիրել են աշխատասենյակներից մեկը, որտեղ նոր միայն Գագիկ Ջհանգիրյանը տեսել է Աղվան Հովսեփյանին եւ տեղեկացել, որ նա ցանկություն ունի հանդիպելու իր հետ»:

Փաստաբանները նաեւ հերքում են նախաքննություն իրականացնող մարմնի վերաբերյալ կալանավորների բողոք չունենալու մասին դատախազության հաղորդումը` պնդելով. - «Ճիշտ հակառակը` այդ հանդիպման ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, որ իր, եղբոր, հարազատների, ինչպես նաեւ մյուս քաղբանտարկյալների նկատմամբ նախաքննական մարմինը ապօրինի քրեական հետապնդում է սկսել եւ այն շարունակում է մինչ օրս»:

Այսօր արձագանքելով փաստաբանների վերոհիշյալ հայտարարությանը` գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն ընդգծել է, որ Աղվան Հովսեփյանը այցի ժամանակ կալանավորվածներից հետաքրքրվել է, թե «ինչպիսի բողոքներ ունեն քրեակատարողական հիմնարկում սահմանված ռեժիմից, քրեակատարողական հիմնարկի վարչակազմից եւ նախաքննություն իրականացնող մարմնից, արդյոք նրանց նկատմամբ կիրառվել են քննությանը խորթ մեթոդներ, ճնշումներ, բռնություններ, ինչին ի պատասխան, կալանավորները նշել են, որ որեւէ բողոք եւ դժգոհություն չունեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG