Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանի կողմնակիցները չեն մասնակցի խորհրդարանում ստեղծվելիք` մարտի 1-ի իրադարձությունները հետաքննող հանձնաժողովի աշխատանքներին


Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի առաջին նախագահ, անցած ընտրություններում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման անդամ Լեւոն Զուրաբյանը, իրենց ներկայացուցիչը չի ընդգրկվի Ազգային ժողովում կազմավորվելիք` մարտի 1-ի իրադարձությունները հետաքննող հանձնաժողովի կազմում:

Զուրաբյանի համոզմամբ, ապագա հանձնաժողովը, որտեղ կոալիցիոն ուժերը ունենալու են 8, իսկ ընդդիմությունը` ընդամենը 2 ձայնի իրավունք, «չի կարող վստահություն վայելել»:

Ընդդիմադիր գործչի խոսքով` իրենք համաձայն կլինեն միայն այն դեպքում, երբ ընդդիմությունն ունենա հավասար իրավունքներ. - «Նման հանձնաժողովի ստեղծման ամբողջ իմաստն այն էր, որ այդ հանձնաժողովը պետք է վստահություն ներշնչեր: Այսինքն` դա պետք է լիներ անկախ մարմին, որը ենթակա չլիներ իշխանությունների ճնշումներին»:

«Փաստորեն ստեղծում են մի հանձնաժողով, որում մեծամասնությունը կազմելու են այն կուսակցությունները, որոնք բարոյական պատասխանատվութուն են կրում մարտի 1-ի սպանդի համար», - շարունակեց նա: - «Մենք պատրաստ ենք նման հանձնաժողովի ստեղծմանը` հետեւյալ սկզբունքով, որ այդ հանձնաժողովում հավասար չափով ներկայացված լինեն ընդդիմության ներկայացուցիչները, եւ ընդդիմության ներկայացուցիչները պետք է ունենան քվեարկության հավասար իրավունքներ: Ահա սա է, որ իշխանությունները չեն ուզում անել: Ուստի մենք այս հանձնաժողովը գնահատում ենք որպես ուղղակի իմիտացիոն պրոցես, որը զբաղվելու է ավելի շատ պարտակմամբ մարտի 1-ի դեպքերի, քան դրանց բացահայտմամբ»:

«Արդեն հանձնաժողովի ստեղծման սկզբունքները ցույց են տալիս, որ այս հանձնաժողովը ստեղծվում է ավելի շատ պարտակելու սկզբունքով, քան ճշմարտությունը բացահայտելու [համար]», - ասաց Զուրաբյանը` հավելելով, որ Համաժողովրդական շարժումը իր սեփական հետաքննությունն արդեն սկսել է, որոշակի փաստեր հավաքվել են, եւ պատրաստ են այդ տեղեկատվությունը տրամադրել ստեղծվելիք հանձնաժողովին` եթե իրենց առաջարկած սկզբունքները ընդունվեն:

Ստեղծվելիք հանձնաժողովի կառուցվածը անընդունելի է նաեւ «Հանրապետություն» կուսակցության համար: Ըստ կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի, իրենք չեն պատրաստվում դիտորդի կարգավիճակով մասնակցել մի հանձնաժողովի աշխատանքներին, որը «փորձելու է արդարացնել դատախազության եւ ոստիկանության գործուներությունը». - «Հանձնաժողովի ամբողջ իմաստը դատախազության եւ ոստիկանության հանցագործությունները պարտակելն է»:

Սուրենյանցի համոզմամբ, նման հանձնաժողովում «ընդդիմությունը եւ իշխանությունը պետք է հավասարաչափ ներկայացված լինեին, որը հնարավորություն կտար նաեւ միջազգային փորձագետների մասնակցության համար»:

Իսկ առաջարկված տարբերակով ստեղծվելիք հանձնաժողովը, նրա խոսքով, դառնալու է «տեղ, որտեղ Աղվան Հովսեփյանը կամ մեկ այլ պաշտոնյա գալու են եւ իրենց վարկածը լեգիտիմիզացնեն»:

Ազգային ժողովում, մինչդեռ, այսօր շարունակվեցին երեկ սկսված քննարկումները հանձնաժողովի ստեղծման մասին օրինագծի շուրջ, որը հեղինակել է անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Ըստ օրինագծի, հանձնաժողովի կազմում պիտի ընդգրկվեն երկուական ներկայացուցիչ խորհրդարանական խմբակցություններից, եւ մեկ անկախ պատգամավոր: Քանի որ խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժը «Ժառանգություն»-ն է, ապա 11 անդամ ունեցող հանձնաժողովում ընդդիմությունը ներկայացված է լինելու ընդամենը 2 ձայնով:

«Սա ամենաառաջին եւ ամենալուրջ երկխոսության հնարավորությունն է քաղաքական ուժերի համար», - այսօր խորհրդարանում օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը:

Օրինագիծը իրենց ելույթներում պաշտպանեցին նաեւ իշխանամետ մյուս խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները:

«Ժառանգություն» խմբակցությունից Վարդան Խաչատրյանը ասաց, որ ստեղծվելիք հանձնաժողովը «պետք է վերականգնի վստահությունը ճեղքվածք տված հասարակության մեջ». - «Ճեղքվածք, որը օր առ օր ավելի ու ավելի լցվում է ատելությամբ»:

Օրինագիծը քվեարկության կդրվի, հավանաբար, վաղը:


Ռուզաննա Ստեփանյան եւ Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG