Մատչելիության հղումներ

Այսօր տեղի ունեցավ «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննությունը


Կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Սպարտակ Սեյրանյանը առաջինն այցելեց թիվ 160 դպրոց, որն առաջին իսկ քննությունից ուշադրության կենտրոնում էր: Նախարարի խոսքով, այս անգամ ոչ մի քննական կենտրոնում տեխնիկական խնդիրներ չեն առաջացել:

«Մաթեմատիկայի թեստերը բավական հեշտ են: Ես մաթեմատիկոս չեմ, եւ եթե իմ գիտելիքներով հաղթահարել եմ նվազագույն անցողիկի շեմը, ապա ինչպիսի՞ գիտելիքների տեր դիմորդ պետք է լինի, որ չկարողանա», - ասաց Սպարտակ Սեյրանյանը:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Մանուկ Մկրտչյանը նշեց, որ շատ դյուրին կլինի հաղթահարել անցողիկի շեմը, սակայն շատ դժվար` 19-20 բալ ստանալը:

Ծնողներին հիմնականում անհանգստացնում էր այն փաստը, որ երեխաներին քննության կանչում են ժամը 8:00-ին, իսկ այն սկսվում է 2 ժամ հետո, դիմորդները մինչեւ սկսելն արդեն հոգնում են:

«Դուք չեք ուզում ոչ մի նեղություն կրել եւ չեք հասկանում, որ դա անհրաժեշտ է, չէ՞ որ պետք է լուծել մի շարք տեխնիկական խնդիրներ: Երեխաները պետք է իմանան իրենց տեղը, նրանց պետք է բացատրեն քննության կարգը եւ այլն, սակայն կարող ենք դա հաշվի առնել հաջորդ տարվա համար», - խոստացավ նախարարը:

Քննության արդյունքները կփակցվեն 5 օրվա ընթացքում, փակցնելուց անմիջապես հետո կընդունվեն նաեւ բողոքարկումները:

Օտար լեզուների միասնական քննությունը նախատեսված է այս ամսվա 17-ին:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG