Մատչելիության հղումներ

logo-print

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում վերջ տալ ՁԻԱՀ-վարակակիրների նկատմամբ խտրականությանը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը կոչ է արել վերջ տալ ՁԻԱՀ-վարակակիրների նկատմամբ խտրականությանը, մասնավորապես` ճամփորդական սահմանափակումներին, որոնք կիրառում են որոշ երկրներ:

«Ես կոչ եմ անում փոփոխություններ կատարել օրենքներում, որոնք խրախուսում են ՁԻԱՀ-վարակակիրների նկատմամբ ցուցաբերվող վատ վերաբերմունքը եւ խտրականությունը` ներառյալ ճամփորդական սահմանափակումները», - երեքշաբթի օրը հայտարարել է Բան Կի-մունը` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բացելով առողջապահական խնդիրներին նվիրված երկօրյա հանդիպումը:

Նա ասել է, թե Մարդու իրավունքների հռչակագրի ընդունումից 60 տարի անց «ցնցող է, որ նրանք կարող են խտրականության ենթարկվել բարձր ռիսկի համար»:

345 ոչ կառավարական կազմակերպություններ նամակ են հղել երկրների ղեկավարներին ու դեսպաններին` հորդորելով վերացնել խտրականությունը:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների, 74 երկիր խտրականություն է կիրառում ՁԻԱՀ-վարակակիրների նկատմամբ` ընդհուպ մինչեւ նրանց անձնագրերում նշումներ կատարելը: Դրանցից 12-ը, այդ թվում եւ Հայաստանը, արգելում են վարակակիրների մուտքը երկիր` դա պատճառաբանելով հանրային առողջապահական մտահոգություններով ու բուժման մեծ ծախսերով:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG