Մատչելիության հղումներ

Լյուքսեմբուրգը պաշտպանում է նախկին խորհրդային երկրների հետ Եվրամիության կապերը սերտացնելու նախաձեռնությունը


Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ իր երկիրը պաշտպանում է նախկին խորհրդային հանրապետությունների հետ Եվրամիության կապերը սերտացնելու նախաձեռնությունը:

«Իմ կառավարությունը կսատարի եւ հավանություն կտա դեպի արեւելք բացվելու` Լեհաստանի առաջարկած ծրագրին», - «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` երեկ Վարշավայում լրագրողներին ասել է Յունկերը:

Լեհաստանի եւ Շվեդիայի նախաձեռնած ծրագիրը, որում նախատեսվում է ընդգրկել Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան եւ Բելառուսը, նպատակ ունի այդ երկրների նկատմամբ մեղմել վիզային սահմանափակումները եւ ազատականացնել առեւտուրը: Առաջարկում նշված չէ Եվրամիությանը անդամակցության հեռանկարը:

Լեհաստանցի գործընկեր Դոնալդ Տուսկի հետ համատեղ ասուլիսում Լյուսքեմբուրգի վարչապետը համոզմունք է հայտնել, որ ծրագիրն ուղղված չէ որեւէ այլ երկրի դեմ:

«Արեւմտյան Եվրոպայում նրանք, ովքեր հետաքրքրված չեն Եվրամիությունից արեւելք գտնվող երկրների հետ հարաբերություններով, մեծ սխալ են գործում», - ընդգծել է Յունկերը:

Դոնալդ Տուսկը, իր հերթին, հույս է հայտնել, որ նախաձեռնությունը կարժանանա հունիսի 19-20-ը կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի հավանությանը:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր նախագծում պարունակվող շատ կոնկրետ առաջարկները վերածվեն Եվրահանձնաժողովին ուղղված հանձնարարականի», - ասել է Լեհաստանի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG