Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Ադրբեջանի կողմից փոխզիջումը հակամարտության խաղաղ կարգավորումն է»


«Չնայած Հայաստանի նոր ղեկավարության դիրքորոշումը առանձնապես չի տարբերվում նախկին ղեկավարների դիրքորոշումից, որոշ նրբություններ կան», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպման արդյունքները:

«Իհարկե, մենք աշխատում ենք մադրիդյան առաջարկների վրա: Սակայն այդ առաջարկներում կան մի շարք չհամաձայնեցված պահեր, որոնք սկզբունքային նշանակություն ունեն: Պահեր կան, որոնք համանախագահները պետք է քննարկեն Հայաստանի հետ, եւ մենք սպասում ենք` կհամաձայնեցվի՞ արդյոք նրանց դիրքորոշումը: Դա ժամանակ է պահանջում», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Անդրադառնալով փոխզիջումների հարցին` էլմար Մամեդյարովը հայտարարել է. - «Ադրբեջանի կողմից փոխզիջումը հակամարտության խաղաղ կարգավորումն է: Երկրորդ, մենք պատրաստ ենք քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Երբ կարգավիճակի հարցը հասնի լուրջ երկխոսության մակարդակին` քննարկումը կկայանա, սակայն մենք կողմնակից ենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը սահմանվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այս տեսանկյունից, մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները»:

«Հայկական կողմին մենք բազմիցս առաջարկել ենք աշխատել աշխարհում գոյություն ունեցող բոլոր ինքնավարությունների մոդելների վրա` վերցնենք թեկուզ Թաթարստանի մոդելը», - վստահեցրել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Նրա համոզմամբ` «հակամարտության կարգավորման համար Հայաստանը, առաջին հերթին, պետք է զորքերը դուրս բերի Ղարաբաղից, փախստականները պետք է վերադառնան, պետք է կայունություն հաստատվի, տնտեսական զարգացում լինի, վերականգնվեն հաղորդակցության ուղիները». - «Միայն սրանից հետո է հնարավոր քննարկել կարգավիճակի հարցը»:

Մամեդյարովը նաեւ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, եւ «կցանկանար, որ գրավյալ տարածքները եւ Լեռնային Ղարաբաղը իրենց բաժինը ստանային Ադրբեջանի տնտեսական զարգացումից»:

«Որպես Ադրբեջանի քաղաքացիներ` այնտեղ ապրող հայերը եւս կարող են օգտվել երկրի տնտեսական զարգացման պտուղներից», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG