Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Թուրքիային Եվրամիությանը անդամակցելու հարցում


Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Թուրքիային Եվրամիությանը անդամակցելու հարցում: Պաշտոնական Վաշինգտոնի այս դիրքորոշումն է վերահաստատել նախագահ Ջորջ Բուշը երեկ Սլովենիայում կայացած Եվրամիություն - Միացյալ Նահանգներ գագաթնաժողովի ավարտին:

«Մենք խորապես համոզված ենք, որ Թուրքիան պետք է անդամակցի Եվրամիությանը: Մենք բարձր ենք գնահատում այն ձեռքբերումները, որ արձանագրել է Թուրքիան ժողովրդավարական եւ շուկայական բարեփոխումների ճանապարհին` աշխատելով կյանքի կոչել Եվրամիությանն անդամակցելու իր ձգտումները», - հայտարարել է Բուշը:

Մինչդեռ, պաշտոնական Բրյուսելի եւ Անկարայի բանակցությունները սառեցված են, բացի այդ` ներքաղաքական ճգնաժամը Թուրքիայում գնալով ավելի է խորանում: Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհդարանական խմբակցության երեկվա նիստի ժամանակ վարչապետ Ռեջեփ Էրդողանը խիստ քննադատության է ենթարկել երկրի դատական համակարգը, նախեւառաջ` Սահմանադրական դատարանը: Պատճառը դատարանի` անցած շաբաթ կայացրած վճիռն է, ըստ որի` թուրքական համալսարաններում գլխաշոր կրելու արգելքը կրկին ուժի մեջ է մտնում:

«Սահմանադրական դատարանը պետք է հստակորեն բացատրի, թե ինչու որոշեց վերանայել գլխաշորերի հարցում խորհրդարանի ընդունած որոշումը: Ազգային մեծ ժողովն իրավունք ուներ սահմանադրական փոփոխություններ իրականացնել, իսկ Սահմանադրական դատարանը պետք է անդրադառնա հարցի տեխնիկական կողմին», - պնդել է Թուրքիայի վարչապետը:

Սահմանադրական դատարանի այս վճիռը, շատերի կարծիքով, յուրատեսակ ահազանգ էր Էրդողանի կուսակցության համար: Դատարանի վարույթում է երկրի դատախազության հայցը` «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գործունեությունը կասեցնելու պահանջով: Թուրք անվանի լրագրող, վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը «Ռոյթերզ»-ին տված հարցազրույցում ասել է. - «Չեմ կարծում, որ Էրդողանը դիտավորյալ է սրում իրավիճակը: Այնուհանդերձ, նրա ելույթից ես արտահերթ ընտրությունների հոտ եմ առնում: Եթե դատարանը վճռի կասեցնել իշխող կուսակցության գործունեությունը` միակ ելքը կմնա արտահերթ ընտրություններ անցկացնելը»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG