Մատչելիության հղումներ

Միջնորդները ԵԱՀԿ-ի գործող նախագահին են ներկայացրել ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերջին զարգացումները


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի օրը Հելսինկիում ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբին են ներկայացրել վերջին զարգացումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:

Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հատկապես անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` անցած շաբաթավերջին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը:

ԵԱՀԿ-ի հաղորդագրության համաձայն` Ալեքսանդր Ստուբը իր լիակատար աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին:

«ԵԱՀԿ-ի տարածաշրջանում հակամարտությունների կարգավորումը ֆիննական նախագահության առաջնայնություններից է», - վստահեցրել է ԵԱՀԿ-ի գործող նախագահը` Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ անելով «առավելագույնս օգտվել Մինսկի խմբի համանախագահների օժանդակությունից եւ լրջորեն դիտարկել հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին վերաբերող առաջարկը»:

«Հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա», - ամփոփել է Ալեքսանդր Ստուբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG