Մատչելիության հղումներ

Այսօր ձերբակալվել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, նախկին պատգամավոր, Հեռուստապետկոմի նախկին ղեկավար Սամվել Գեւորգյանը:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, մարտի 10-ից հետախուզման մեջ գտնվող Գեւորգյանը այսօր հայտնաբերվել է Երեւանի ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների կողմից, կալանավորվել է եւ տեղափոխվել «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Սամվել Գեւորգյանը հետախուզվում էր «ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու» մեղադրանքով: Նրա դեմ Մարտունու քննչական բաժանմունքում քրեական գործ էր հարուցվել դեռեւս փետրվարի 22-ին` «22/37 ընտրական տեղամասի աշխատանքները խոչընդոտելու» դեպքի առթիվ:

Սամվել Գեւորգյանի դեմ հարուցված քրեական գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում:

Համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի մամուլի պատասխանատու Արման Մուսինյանը «քաղաքական հետապնդման դասական օրինակ» է որակում Գեւորգյանի ձերբակալությունը:

«Հայաստանում քաղաքական ռեպրեսիաները շարունակվում են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մուսինյանը: - «Սա նույնպես կլասիկ քաղաքական հետապնդում է Տեր-Պետրոսյանի աջակիցներից մեկի նկատմամբ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG