Մատչելիության հղումներ

Այսօր կկայանա ԱՄՆ - Եվրամիության մեկօրյա գագաթնաժողովը


Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշն այսօր Սլովենիայում հանդիպում է Եվրոպական միության ղեկավարների հետ:

ԱՄՆ - ԵՄ գագաթնաժողովի նախօրեին Եվրախորհրդարանն ընդունել է բանաձեւ, որում թվարկված են Բուշի նախագահության օրոք պաշտոնական Վաշինգտոնի եւ Եվրոպայի միջեւ ի հայտ եկած վիճահարույց խնդիրները. Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու ծրագիրը, Գուանտանամոյի ռազմակայանում բանտարկյալների վիճակը, ահաբեկչության մեջ մեղադրվողներին ապօրինի կալանքի տակ երկար ժամանակ պահելու դեպքերը, բնապահպանության ասպարեզում Վաշինգտոնի կողմից կարեւոր որոշումների ձգձգումը եւ այլն:

Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի հարաբերությունների խաթարման գործում առանցքային տեղ ուներ Իրաքի պատերազմը, որին եվրոպացիների մեծ մասն ի սկզբանե դեմ է եղել:

Քաղաքական մեկնաբանները նշում են, որ չնայած մեծ ու փոքր վեճերին, Տրանսատլանտյան դաշինքը ամուր է մնացել: Բայց եւ ակհայտ է, որ պատմական դարաշրջան է փոխվում: Ջորջ Բուշը Սպիտակ տանն աշխատելու է դեռ 7 ամիս՝ մինչեւ 2009 թվականի հունվարի 20-ին կայանալիք նոր նախագահի պաշտոնամուտը, սակայն Եվրոպայի առաջնորդներն արդեն մտովի հրաժեշտ են տալիս Բուշ-կրտսերին, քանի որ մոլորակի առավել հրատապ խնդիրները առաջիկայում քննարկելու են հանրապետական Ջոն ՄըքՔեյնի կամ դեմոկրատ Բարաք Օբամայի հետ:

Եվ հենց այդ պատճառով էլ, ինչպես նշում է «Ազատություն» ռադիոկայանի վերլուծաբան Ահթո Լոբիակասը, «Եվրամիության եւ Միացյալ Նահանգների այս գագաթնաժողովի օրակարգում ամենահրատապ հարցը վերաբերում է համեմատաբար ձանձրալի մի թեմայի՝ առեւտրին»:

Այդուհանդերձ, Բուշը եւ Եվրոպայի առաջնորդները կխոսեն նաեւ Կոսովոյի, Վրաստանի, Ռուսաստանի, Մերձավոր Արեւելքի եւ կարեւոր այլ հարցերի մասին:

Այցի նախօրեին Ջորջ Բուշը հարցազրույց է տվել POP TV սլովենական հեռուստակայանին:

«Շատ մարդիկ սիրում են Ամերիկան: Երբեմն նրանք կարող են չհամակրել նախագահին, բայց սիրում են Ամերիկան, այն, ինչին սատարում է Ամերիկան», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG