Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Դատարաններում մոլեգնում է լկտիությունը», - գրում է «Տարեգիր»-ը իր խմբագրականում` հիմնավորելով. - «Հայաստանի դատական համակարգը խցանած իշխանահաճո դատավորներին հանձնարարված` քաղաքական բանտարկյալների նկատմամբ իրականացվող հաշվեհարդարը օր-օրի դուրս է գալիս պարկեշտության սահմաններից: Պաշտպանական կողմն ամեն անգամ ստիպված է լինում սկսել իր տարրական իրավունքները հաստատելու եւ դատավորներից քրեադատավարական նորմի կիրառման պահանջ կամ միջնորդություն ներկայացնելու կետից: Քաղբանտարկյալների դեմ վկայություն տվող ոստիկաններին բացահայտ աջակցություն են ցուցաբերում դատավորները, նրանց ներշնչելով լրացուցիչ ինքնավստահություն: Իսկ թե որտեղ է դատավորների ներշնչանքի ու ինքնավստահության աղբյուրը, կարելի է միայն կռահել»:

«Ողջ քաղաքական դաշտը սպասումի մեջ է: Հունիսի 20-ի շունչը թեւածում է ամենուր», - գրում է այսօր «Հրապարակ» թերթը` շարունակելով. - «Ըստ էության, հունիսի 20-ը ինդիկատորի դեր է խաղալու եւ մի շարք հարցերի պատասխաններ է տալու: Իշխանությունը պարզելու է, թե ինչ վիճակում է այսօր հասարակությունը, արդյո՞ք մարսվել են ընտրակեղծիքները, եւ արդյո՞ք մարդիկ հաշտվել են Սերժ Սարգսյան-նախագահի իրողության հետ: Ընդդիմությունը պարզելու է` արդյո՞ք բռնությունները ու մարտիմեկյան զոհերը իրենց բացասական հետքն են թողել համաժողովրդական շարժման վրա, եւ այս պաուզան նշանակո՞ւմ է արդյոք, որ այլեւս ժողովրդին փողոց հանել հնարավոր չէ, ուստի հարկ է փակել գրասենյակը եւ գնալ տուն… Եվ վերջապես` բոլորին հուզում է միեւնույն հարցը` ինչպե՞ս ենք ապրելու այսուհետ»:

«Ժամանակ Երեւան»-ը շարադրում է. - «Արդեն բավական ժամանակ է անցել նախագահական ընտրություններից եւ մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո, եւ, թերեւս, կարելի է առաջին մոտավորությամբ փորձել հասկանալ կատարվածը ու նաեւ գնահատել: Ի՞նչ ունենք այժմ: Երբ ծանոթանում ենք մամուլին` իշխանամետ թե ընդդիմադիր, հեռուստատեսությանը` միայն իշխանամետ, եւ լրատվության մյուս միջոցներին, ինչպես նաեւ մարդկանց առօրյա խոսակցություններին ու քննարկումներին, մոտեցումներին, ստիպված ենք փաստել, որ դրանք հստակ բաժանվում են երեք խմբի` 1. մեղավոր են լեւոնականները (ընդդիմադիրները), 2. մեղավոր են իշխանությունները (քոչարյանասերժականները), 3. մեղավոր են ե’ւ առաջինները, ե’ւ երկրորդները` մեղավոր ենք բոլորս»:

Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ըստ «Հայոց Աշխարհ»-ի, Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից «այնքան ուժգին տպավորություն ստացավ, որ խորհրդարանական լսումների ժամանակ մի շարք անպարկեշտ արտահայտություններ ու գնահատականներ թույլ տվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին»: Ի պատասխան պատգամավորի ելույթը մեկնաբանելու` թերթի խնդրանքին, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ ասել է հետեւյալը. - «Համոզմունք ունեմ, որ ստախոսությունն ու ատելությունը քաղաքական գործչի լավագույն ուղեկիցները չեն։ Վիկտորդալլաքյանների դեպքում՝ առավել եւս։ Վստահ եմ նաեւ, որ բարոյական գնահատականներ իրավունք ունեն տալ շատ քչերը եւ հաստատ ոչ նրանք, ովքեր միայն մոտավոր պատկերացում ունեն բարոյականության մասին»։

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Երեկ Սերժ Սարգսյանի նստավայրում տեղի է ունեցել մի դարակազմիկ իրադարձություն. նա, ինչպես հաղորդում են նախագահականից, «Հանրային խորհրդի ձեւավորման շուրջ խորհրդակցելու նպատակով զրույցի է հրավիրել մի խումբ ճանաչված մտավորականների ու հասարակական գործիչների»: Եվ որ ուշագրավ է, Սարգսյանը Հանրային խորհրդի հետ կապված հարցերի քննարկմանն է հրավիրել այնպիսի «մտավորականների», ովքեր վերջին իրադարձությունների ժամանակ կա’մ կրծքով են պաշտպանել իրեն, կա’կ էլ ընդհանրապես ծպտուն չեն հանել… Կարելի է միայն պատկերացնել, թե ինչպիսի Հանրային խորհուրդ կարող է ձեւավորվել, եթե դրա համար օգտագործվի, ասենք, Արշակ Սադոյանի կամ էլ երեկվա քննարկմանը ներկաների կասկածելի հեղինակությունը»:

«168 ժամ» թերթում քաղաքագետ Ռուբեն Անգալադյանը գրում է. - «Տարօրինակ է, բայց եթե այսօր մեր երկրի կյանքում կա որեւէ նախատիպ, ապա դա երթուղային տաքսին է: Եվ այսպես, Երրորդ Հանրապետությունը այսօր նման է երթուղայինի, եւ ահա թե ինչ չափանիշներով: Երթուղային, որով մենք ամեն օր երթեւեկում ենք, բոլորի համար հավասար ծառայություններ չի ենթադրում. ոմանք հնարավորություն ունեն նստած երթեւեկելու, ոմանք` ոչ: Վերջիններս պետք է տեղ տան նոր նստողներին: Այսպիսով, ոմանք նույն գնի դիմաց նստելու տեղ ունեն, ոմանք` չունեն: Երթուղայինը կեղտոտ սրահով մեքենա է, քանի որ այն սոցիալական վերգետնյա փոխադրամիջոց է: Ահա թե ինչպիսի անհարգալից վերաբերմունք ունեն իշխանությունները սոցիալապես անապահով խավի նկատմամբ: Մենք երթուղայիններին ենք տալիս ամենաթանկ բանը` մեր կյանքն ու առողջությունը` առանց գիտակցելու, որ այդքան հին ու մաշված մեքենաները հոգնած, դյուրագրգիռ ու նյարդային վարորդներն ի վիճակի չեն մինչեւ վերջ երաշխավորելու անվտանգ երեւեկությունը»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG