Մատչելիության հղումներ

Երեկ առավոտյան «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, ով ամբողջությամբ կրեց դատավճռով սահմանված պատիժը` 1,5 տարվա ազատազրկումը:

«Շնորհակալություն եմ հայտնում առաջին հերթին լրագրողներին, որոնք այս մեկուկես տարվա ընթացքում, ի հեճուկս իշխանությունների, մեր խոսքը հասցրին ժողովրդին», - իրեն ողջունելու եկած մի քանի տասնյակ մարդկանց դիմելով` ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

2006 թվականի դեկտեմբերին ձերբակալված Սեֆիլյանը դատարանի վճռով դատապարտվել էր 1,5 տարվա ազատազրկման` «անօրինական զենք կրելու» համար:

Հարցին, թե ինչով է մտադիր զբաղվել, նախկին ազատամարտիկը արձագանքեց. - «Նույն գործով, որ զբաղվում էինք մինչեւ ապօրինի ձերբակալումը: Ուզում են 2 տարի պահեն, 20 տարի պահեն` դրանից ոչինչ չի փոխվի: Իրենք թող մտածեն իրենց մասին...»:

1990 թվականին Հայաստան եկած լիբանանահայ Սեֆիլյանը քաղաքացիություն ստանալու խնդրանքով երեք անգամ դիմել է Հայաստանի իշխանություններին եւ երեք անգամն էլ մերժում ստացել:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե երբ է կրկին դիմելու իր քաղաքացիության հարցով, Սեֆիլյանը պատասխանեց, թե այդ իմաստով «գնդակը հակառակորդի դաշտում է գտնվում». - «Ես կարծում եմ, վերջ ի վերջո, դրական արդյունք պիտի ունենա, բայց հիմա [այս իշխանությունները] կանեն դա, թե չեն անի, դա իրենց գործն է: Վերջ ի վերջո մեր երկրի իրավական նախագահը, ես կարծում եմ, դա անելու է... Աշխարհում նախադեպը չի եղել երեւի, որ ինչ-որ պետության զորամասի հրամանատար չունենա քաղաքացիություն»:

Անցած մայիսին ոստիկանությունը միջնորդություն էր ներկայացրել Ժիրայր Սեֆիլյանի արտաքսման գործընթացը սկսելու վերաբերյալ, բայց վարչական դատարանը հետ էր վերադարձրել այն` «վերացնելու տեխնիկական թերություններ»:

Իրավաբանների մեկնաբանությամբ` տեխնիկական թերությունները վերացնելու եւ հայցադիմումը նորից ներկայացնելու համար եռօրյա ժամկետ է տրվում: Այս պահի դրությամբ` ոստիկանությունը նոր հայցադիմում չի ներկայացրել:

Այս կապակցությամբ Սեֆիլյանը ասաց. - «Եթե հետեւենք այս ռեժիմի քայլերին, ապա կնկատենք, որ ամեն մի քայլը մյուսից անհեթեթ է... Եղան խայտառակ, թող իրենք որոշեն` շարունակելո՞ւ են մնալ խայտառակության մեջ, թե՞ ոչ: Մենք մեր գործը ունենք` միասին վերջ ի վերջո կերտելու ենք մեր պատկերացրած պետականությունը»:

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից Սեֆիլյանը անմիջապես ուղեւորվեց Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու իր զոհված մարտական ընկերների շիրիմներին եւ հանդիպելու այդտեղ հացադուլ հայտարարած նախկին ազատամարտիկներին:

«Երկու օր հանգստանամ եւ արդեն ձեր տրամադրության տակ եմ», - հացադուլավորներին ասաց Սեֆիլյանը, ով, այդուհանդերձ, «այնքան էլ ընդունելի» չի համարում պայքարի այս ձեւը. - «Բայց, եթե պայքարողներ կան, որոնք գնացել են այդ ծայրահեղ քայլին, մենք [այդ որոշումը] հարգում ենք: Միգուցե նաեւ ապագայում մենք էլ այդ քայլին դիմենք»:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչ է ակնկալում Համաժողովրդական շարժման` հունիսի 20-ին նախատեսած հանրահավաքից, Սեֆիլյանը ասաց. - «Կարծում եմ, որ պայքարը մեծամասամբ տվել է իր արդյունքը, մեծ մասը գործի` իշխանափոխության, արված է... Հունիսի 20-ը կունենա վճռական դերակատարություն... Անշուշտ, եթե մարդիկ սպասում են, որ խնդիրը լուծվելու է, չեմ կարծում, որ այդպես է: Պայքարը պիտի շարունակենք` ուրիշ ձեւ չկա»:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG