Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը իր կողմնակիցներին կոչ է անում աջակցել Բարաք Օբամային


Հիլարի Քլինթոնը աշնանը կայանալիք ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում պաշտպանելու է Բարաք Օբամայի թեկնածությունը: Շաբաթ երեկոյան ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ` նախկին առաջին տիկինը հայտարարել է. - «Մեր նպատակն է կրկին մուտք գործել Սպիտակ տուն եւ ունենալ այնպիսի նախագահ, ում օրոք մեր երկիրը կրկին կընթանա խաղաղության, բարեկեցության եւ առաջընթացի ուղիով: Եվ միանշանակ է, թե ինչ է պետք անել այդ նպատակին հասնելու համար` աջակցել Բարաք Օբամային, որպեսզի նա 2009 թվականի հունվարի 20-ին մուտք գործի Սպիտակ տուն»:

Այս հայտարարությունից մի քանի ժամ անց Բարաք Օբամայի շտաբը տարածեց դեմոկրատ թեկնածուի հայտարարությունը, որում Իլինոյսից ընտրված սենատորը Քլինթոնի որոշումը բնութագրում է որպես «խիզախ ու պատմական քայլ»:

Հիլարի Քլինթոնի կողմնակիցները, սակայն, չեն շտապում աջակցել Բարաք Օբամային: Վերջին հարցումները վկայում են, որ Քլինթոնի աջակիցներից շատերը հիասթափված են նախկին առաջին տիկնոջ այս որոշումից:

Ըստ սոցիոլոգների, Օբամայի նկատմամբ առավել քննադատաբար են տրամադրված Դեմոկրատական կուսակցությանն աջակցող կին ընտրողները:

BBC-ի կայքէջում Քլինթոնի տեխասցի աջակիցներից Մարշըլ Քրեյգը գրում է. - «Երբ Քլինթոնը հրաժարվեց շարունակել պայքարը, ես որոշեցի քվեարկել ՄըքՔեյնի [Հանրապետական կուսակցության թեկնածուի] օգտին»:

Վերլուծաբանների կարծիքով, սակայն, իրավիճակը կարող է փոխվել` եթե Բարակ Օբաման որոշի փոխնախագահի պաշտոնն առաջարկել Հիլարի Քլինթոնին:

Նախկին առաջին տիկնոջ ամենաակտիվ աջակիցներից մեկը` Փենսիլվանիայի դեմոկրատ նահանգապետ Էդ Ռենդալը, նշում է. - «Դեռ շատ վաղ է խոսել այն մասին, թե ում կառաջարկվի փոխնախագահի պաշտոնը: Պետք ժամանակ տալ Օբամային, որպեսզի նա կարողանա վերլուծել ստեղծված իրավիճակը, կրկին հանդիպի սենատոր Քլինթոնի հետ` քննարկելով դեմոկրատների հետագա անելիքները»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG