Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը պայմանավորվել են շարունակել բանակցությունները


Ուրբաթ օրը Սանկտ Պետերբուրգի «Բալթիկայի աստղ» հյուրանոցում կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը առաջին հանդիպումը, որը տեւել է մոտ մեկ ժամ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, հանդիպման հիմնական արդյունքն այն է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները, եւ դրանք շարունակել համանախագահների` անցած տարվա վերջին Մադրիդում արված առաջարկությունների հիման վրա:

Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումից միջնորդների ակնկալիքների մասին Մեթյու Բրայզան ասաց. - «Ակնկալիքները կատարվեցին: Ես նկատի ունեմ, որ մենք սպասում էինք, որ հանդիպումը ճանաչողական կլինի` այդպիսին եղավ: Տրամադրությունները դրական են, կառուցողական: Նախագահները հենց նոր մեզ ասացին, որ որոշել են շարունակել բանակցային գործընթացը` շարունակել Մինսկի խմբի շրջանակներում եւ մեր կողմից Մադրիդում ներկայացված առաջարկությունների շրջանակներում»:

Ամերիկացի համանախագահի փոխանցմամբ` միջնորդների առաջարկությունների վերաբերյալ երկու կողմերն էլ ներկայացրել են իրենց դիտարկումները:

«Մենք լսել ենք երկու կողմերի ցանկությունները, որովհետեւ գիտենք, որ Մադրիդում արված մեր առաջարկությունները միայն առաջարկություններ էին, դա չի նշանակում, թե կողմերը լիովին համաձայն էին դրանց», - ասաց Բրայզան: - «Պետք է բարելավել այդ առաջարկությունները, միջնորդները պատրաստ են շարունակել աշխատանքը եւ, կարծում եմ, նախագահները նույնպես»:

Ի պատասխան այն հարցի, թե կա՞ն արդյոք նախնական պայմանավորվածություններ նախագահների հետագա հանդիպումների կամ միջնորդների տարածաշրջան այցելության մասին, Մեթյու Բրայզան ասաց, որ համանախագահները մտադիր են տարածաշրջան այցելել այս ամսվա վերջին, իսկ նախագահների հաջորդ հանդիպման համար որոշված ժամկետ չկա. դա կախված կլինի արտգործնախարարների հանդիպումների արդյունքից:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. - «Հայկական կողմը կառուցողական է գնահատում Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիեւ առաջին հանդիպման արդյունքները: Ճանաչողական հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են բանակցային գործընթացի վերաբերյալ իրենց տեսակետները եւ արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համագործակցությամբ շարունակել բանակցությունները: Նախագահները նաեւ ցանկություն են հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակեն աշխատանքը կողմերի մոտեցումների համաձայնեցման ուղղությամբ»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG