Մատչելիության հղումներ

logo-print

Արմեն Գրիգորյանը, Յուրիկ Ղուկասյանը եւ Հովհաննես Մնացականյանը Սերժ Սարգսյանի վստահված անձինք չեն եղել


Զանգվածային անկարգությունների եւ կողոպուտի համար դատապարտված Արմեն Գրիգորյանը, Յուրիկ Ղուկասյանը եւ Հովհաննես Մնացականյանը փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի վստահված անձինք չեն եղել: Այդ մասին ասված է Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Համաձայն հաղորդագրության` Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով էին ներկայացվել 5343 քաղաքացիների հայտեր` նախագահի թեկնածուի վստահված անձինք գրանցվելու համար: Այդ հայտացուցակներում, ըստ ՀՀԿ-ի մամուլի ծառայության, «Արարատի տարածաշրջանի բնակիչ հանդիսացող Արմեն Գրիգորյան, Յուրիկ Ղուկասյան եւ Հովհաննես Մնացականյան անուն-ազգանուններով անձինք ներկայացված չեն եղել, ուստի ընտրություններում որպես նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձինք ԿԸՀ-ի կողմից գրանցված չեն եղել»:

Հունիսի 4-ին Երեւանի քրեական դատարանը Մնացականյանին, Գրիգորյանին եւ Ղուկասյանին դատապարտել է 3,5-ական տարվա ազատազրկման: Դատարանը Մնացականյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով:

Համաձայն մեղադրական եզրակացության, Արտաշատի բնակիչներ Գրիգորյանը եւ Ղուկասյանը մարտի 1-ի երեկոյան ուղեւորվելով Երեւան` Գրիգոր Լուսավորիչ պողոտայում ներգրավվել են զանգվածային անկարգություններում, ապա իրենց ծանոթ Մնացականյանի հետ ուղղվել են դեպի Գրիգոր Լուսավորիչ եւ Մաշտոցի պողոտաների խաչմերուկ եւ «Ռոբերտո» խանութ-սրահից հափշտակել հագուստ, կոշիկներ եւ խանութի տեսաձայնագրային սարքը:

Ամբաստանյալները դատարանում հայտարարել էին, թե քաղաքականությանը որեւէ առնչություն չեն ունեցել, հանրահավաքներին չեն մասնակցել, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները չեն եղել, ավելին` նախագահական ընտրություններում եղել են Սերժ Սարգսյանի վստահված անձինք:

Քրեական գործի տվյալներով, երեքն էլ նախկինում դատված են եղել. Գրիգորյանը` երկու, Ղուկասյանը` երեք, Մնացականյանը` մեկ անգամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG