Մատչելիության հղումներ

Վաղը սկսվում է «Եվրո - 2008»-ը


Բազելի «Սենտ-Ժակոբ Պարկ» մարզադաշտում կայանալիք Շվեյցարիայի եւ Չեխիայի ազգային հավաքականների հանդիպումով շաբաթ երեկոյան կսկսվի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը: Ժամեր անց Ժնեւում տեղի կունենա երկրորդ խաղը՝ կհանդիպեն Պորտուգալիայի եւ Թուրքիայի ֆուտբոլիստները:

«Եվրո - 2008»-ը անցկացվում է երկու երկրներում՝ Շվեյցարիայում եւ Ավստրիայում:

Ավստրիան էստաֆետը կընդունի կիրակի օրը. նախ Վիեննայում կհանդիպեն Ավստրիայի եւ Խորվաթիայի հավաքականները, ապա Կլագենֆուրտում խաղադաշտ դուրս կգան Գերմանիայի եւ Լեհաստանի թիմերը:

Մարզական մեկնաբանները նշում են, որ այսօր պարզապես հնարավոր չէ կանխագուշակել մրցաշարի հաղթողի անունը, որովհետեւ բավական ուժեղ եւ հավասար են եզրափակիչ փուլում հանդես գալու իրավունքը վաստակած 16 հավաքականները:

Եվրոպայի առաջնության հաղթողին տրվում է Անրի Դելոնեի գավաթը: Դելոնեն ՈւԵՖԱ-ի առաջին գլխավոր քարտուղարն էր եւ աշխարհամասի առաջնությունն անցկացնելու գաղափարի հեղինակը: 1955 թվականին Դելոնեն մահացել է, անդրանիկ առաջնությունը տեղի է ունեցել 5 տարի անց՝ 1960 թվականին Ֆրանսիայում, որտեղ հաղթել է Խորհրդային Միության հավաքականը:

Եվրոպայի գործող չեմպիոնը Հունաստանի հավաքական է: Օրերս տեղի է ունեցել Հայաստանի եւ Հունաստանի ֆուտբոլիստների ընկերական հանդիպումը, որն ավարտվել է ոչ ոքի` 0:0 հաշվով:

2008 թվականի առաջնության եզրափակիչ խաղը տեղի կունենա հունիսի 29-ին Վիեննայում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG