Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի տեղեկություններով` «վերջին օրերին հարկային մարմիններում բավականին ակտիվ եւ, ասում են, օբյեկտիվ քննություն է անցկացվում` ատեստացիա, որը որոշում է աշխատողների մասնագիտական կարողությունները»: «ՀՀ նախագահի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիշա Սարկիսյանի որդին եւս հարկային աշխատող է եւ ատեստացիայի այս օրերին «բյուլետեն» է վերցրել, քանի որ մտավախություն ունի, որ իրեն որակավորում չեն տա: Մտավախությունը պատճառ ունի. նրա երկու ընկերներին, որ հարկային էին մտել իր հոր «դաբրոյով», արդեն կտրել են «քննությունից», - գրում է թերթը:

«Ներքաղաքական լարվածությունը թուլացնելու եւ իր դիրքերը ամրացնելու համար Սերժ Սարգսյանի թիմը որոշել է նոր քաղաքական ուժ` նախագահի հենարան ձեւավորել», - գրում է «Հրապարակ» թերթը: - «Հինը` «Հանրապետականը», փաստորեն ապացուցեց նոր պայմաններին հարմարվելու իր անզորությունը եւ անընդունակությունը: Ուստի, եկել է նրա` պատմության գիրկն անցնելու, ինչպես նաեւ նոր, դեռ չվարկաբեկված մարդկանց ասպարեզ բերելու ժամանակը: Իշխանությունը նախատեսում է նման թիմ ձեւավորել երիտասարդական ՄԻԱԿ կուսակցության հենքի վրա: Այս քաղաքական ուժը ղեկավարելու են ոչ միայն հանրությանը արդեն հայտնի Լեւոն Մարտիրոսյանը եւ «Օրինաց երկիր»-ը ժամանակին լքած Սամվել Ֆարմանյանը, այլեւ, ըստ մեզ հասած լուրերի, հնարավոր է, որ այդ կուսակցությունը ղեկավարի Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Մարտի 1-ը բոլորի համար լավ դաս դարձավ։ Այժմ, կարծում եմ, ոչ ոք թույլ չի տա, որ գործընթացներն այդչափ հեռուն գնան։ Կոլորեն կազմակերպիչների ձեռքերն ու «քաղբանտարկյալների» բանակը թարմ համալրում կստանա։ Սեփական անմեղսունակությունը նրանց չի օգնի»։

Երեկվա խորհրդարանական լսումների մասին «Ժամանակ Երեւան»-ը գրում է. - «Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած լսումները` Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող աղմկահարույց զեկույցի կապակցությամբ, ապացուցեցին, որ իշխանական նոմենկլատուրան պատրաստ է հոշոտել բոլոր նրանց, ովքեր հանդգնում են իրերի եւ երեւույթների մասին պաշտոնականից տարբերվող կարծիք հայտնել, առավել եւս` դրան զեկույցի տեսք տալ… Զեկույցը, բնական է, պետք է խիստ «մրսեցներ» իշխանություններին` ստիպելով վերջիններիս արշավ կազմակերպել Քոչարյանի նշանակած «անհաջող կադրի» դեմ»:

Նույն լսումների մասին «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Գլխավոր դատախազը չպատասխանեց պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի այն հարցին, թե արդյո՞ք հրազենային վնասվածքներից մահացածների գործով քրեական գործեր հարուցվել են, թե՞ ոչ: Ըստ էության, չպատասխանեց նաեւ «Չորրորդ իշխանության» թղթակից Գոհար Վեզիրյանի հարցին, թե ինչո՞ւ անձեռնմխելիությունից զրկված երեք պատգամավորների նկատմամբ 90 օր շարունակ որեւէ քննչական գործողություն չի կատարվել եւ այլն: Գլխավոր դատախազից հետո ելույթ ունեցած արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը եւս չկարողացավ ըստ էության պատասխանել իրեն ուղղված հարցերին: Իսկ նեղն ընկած դատախազը հայտարարեց, թե քանի ինքը դատախազ է, ոչ ոքի չի հաջողվի մեր իրավական համակարգը ներքաշել քաղաքական քննարկումների մեջ եւ ծառայեցնել քաղաքական նպատակների… Այնինչ, պարոն դատախազը խոսելիս տեղ-տեղ քաղաքական գնահատականներ էր տալիս»:

«Այժմ լեւոնականները հայտարարել են, որ հանրահավաքը տեղի կունենա անկախ նրանից, թե այն արտոնված թե արգելված կլինի», - շարադրում է «Իրավունք»-ը: - «Այսինքն, բաց տեքստով կանխավ ասվում է, որ «ծայրահեղական դրսեւորումներ» լինելու են եւ կանխավ դրա մեղքը դրվում է իշխանությունների վրա: Մի խոսքով, վերջին օրերին ՀՀՇ-ականները ակտիվորեն լկտիանում են, ու իշխանությունների վախվորած քայլերը Եվրոպային հաճոյանալու ուղղությամբ նրանց ավելի են ոգեւորում: Այսպես, լեւոնականները համոզված են, որ իրենց որոշ կուսակիցներին դատարաններից ազատելը ոչ թե իշխանությունների կողմից երկխոսության անցնելու ձգտման, այլ վախի արդյունքն է: Թեեւ գուցե հենց այդպես էլ կա…»:

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. - «Տրամաբանական մեկնություն չունի նաեւ մեր իշխանության ներկայացուցիչների «խրոխտ» կեցվածքը Արեւմուտքի հանդեպ՝ «դուք մեզ խելք մի’ սովորեցրեք», «ավելի լավ է՝ զբաղվեք ձե’ր երկրների ժողովրդավարության խնդիրներով» եւ այլն: Այդ հոխորտանքները, մեղմ ասած, համաչափ չեն Արեւմուտքի՝ մեր իշխանությունների հանդեպ չափազանց մեղմ վերաբերմունքին: Այն, ինչ պահանջում են եվրոպական կառույցները (լրջորեն քննել մարտի 1-ի դեպքերը, ազատել քաղբանտարկյալներին, ապահովել ցույցերի եւ լրատվամիջոցների ազատությունը), մի արտառոց եւ հեղափոխական բան չէ՝ դա ստանդարտ է, որին պետք է հետեւի Եվրոպայի խորհրդի ցանկացած երկիր»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG