Մատչելիության հղումներ

Չորրորդ տարին շարունակ Հայաստանը տեղ է զբաղեցնում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի` թրաֆիքինգի տեսակետից վտանգ ներկայացնող եւ վերահսկման ենթակա երկրների ցուցակի երկրորդ` միջին խմբում:

Թրաֆիքինգի վերաբերյալ Պետդեպարտամենտի 2008 թվականի զեկույցի համաձայն` Հայաստանը թրաֆիքինգի աղբյուր երկիր է, որտեղից կանանց եւ աղջիկների են տեղափոխում Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Թուրքիա` սեռական շահագործման նպատակով, ինչպես նաեւ կանանց եւ տղամարդկանց են տեղափոխում Թուրքիա եւ Ռուսաստան` ստիպողական աշխատանքի համար: Արաբական Միացյալ Էմիրություններ տեղափոխվողները Երեւանից Դուբայ են մեկնում Մոսկվայով, իսկ դեպի Թուրքիա թրաֆիքինգի ուղին անցնում է Վրաստանով:

Պետդեպարտամենտը վկայակոչում է ԵԱՀԿ-ի տվյալները, համաձայն որոնց` եղել է նաեւ ուկրաինացի եւ ռուսաստանցի կանանց սեռական շահագործման նպատակով Հայաստան բերելու դեպք:

Պետդեպարտամենտն ընդգծում է, որ «Հայաստանի կառավարությունը լիովին չի համապատասխանում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին, թեեւ զգալի ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ»:

Համաձայն զեկույցի` 2007 թվականին կառավարությունը հետաքննել է սեռական եւ աշխատանքային շահագործման նպատակով թրաֆիքինգի 14 դեպք: Թրաֆիքինգի հետ կապված գործերով անցյալ տարի դատական հետապնդման են ենթարկվել 8 կասկածյալներ: Ընդհանուր թվով 11 մարդ դատապարտվել է` 1-ից մինչեւ 8 տարվա ազատազրկման կամ տույժերի:

Միաժամանակ, Պետդեպարտամենտը մատնանշում է թրաֆիքինգին հանցակից պաշտոնյաների նկատմամբ հետաքննության, քրեական հետապնդման եւ դատապարտման փաստերի բացակայությունը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG