Մատչելիության հղումներ

Այսօր Վրաստան կայցելի Եվրամիության անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան: Հինգշաբթի օրը նախատեսված է Սոլանայի հանդիպումը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ: Երկօրյա այցի շրջանակներում եվրոպացի պաշտոնյան կմեկնի նաեւ Սուխումի եւ հանդիպումներ կանցկացնի Աբխազիայի իշխանությունների հետ:

ՆԱՏՕ-ն արդեն կոչ է արել Ռուսաստանին` դուրս բերել իր երկաթուղային զորքերը Աբխազիայից: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը կասկածի տակ է առել Աբխազիայում երկաթուղային զորքերի տեղակայման իրավաբանական հիմնավորվածությունը:

«Դա չի կատարվել ԱՊՀ-ի խաղաղարար առաքելության շրջանակներում, ուստի ես մտահոգված եմ, որ զորքեր են տեղակայվել Վրաստանի Աբխազիա տարածաշրջանում: Զորքերի տեղակայումը բացահայտ խախտում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, որը ՆԱՏՕ-ն վստահորեն պաշտպանում է», - հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը: - «Այդ ուժերը պետք է դուրս բերվեն, ինչպես նաեւ իրավիճակի լարվածությունը մեղմելու նպատակով Ռուսաստանը եւ Վրաստանը պետք է երկխոսության մեջ մտնեն»:

Եվս մեկ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյա` Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները երեկ Ռուսաստանի Պետդումայում ելույթի ժամանակ հայտարարել է. - «Եվրամիությունը պնդում է, որ պետք է հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունը»:

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հանդիպումը:


Աստղիկ Բեդեւյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG