Մատչելիության հղումներ

Բաքվում Եվրամիության դեսպանը իրագործելի չի համարում Հայաստանի ընդգրկումը Nabucco ծրագրում


Հայաստանը Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող Nabucco ծրագրում չի ընդգրկվի: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել Բաքվում Եվրամիության դեսպան Ալան Վադամսը:

Ի պատասխան հարցի, թե կարո՞ղ է արդյոք Միջին Ասիայից Իրանով դեպի Եվրոպա արտահանվող գազի համար Հայաստանն ընտրվել որպես տարանցիկ ուղի, եվրոպացի դիվանագետն ասել է. - «Ես ինքս չեմ կարծում, որ նման բան լինի: Դա իրագործելի չէ մի շարք պատճառներով: Արդեն իսկ մի գազատար է գործում, որն Իրանից անցնում է Թուրքիա` դեպի Էրզրում. այնտեղով է անցնում նաեւ Բաքու - Էրզրում խողովակաշարը: Բացի այդ, Nabucco-ի նպատակներից մեկը խողովակաշարերը վրաց - թուրքական եւ թուրք - իրանական սահմաններին հասցնելն է: Չեմ կարծում, որ այս պայմաններում Հայաստանը ներգրավվի ծրագրում: Այո, գոյություն ունի խողովակաշար, որով Իրանը Հայաստանին գազ է մատակարարում, սակայն դրա հզորությունը, իմ կարծիքով, այնքան էլ մեծ չէ»:

Դիվանագետը նշել է, որ էներգակիրների մատակարարման խնդրի շուրջ Եվրամիությունը լրջորեն բանակցում է Կասպից ծովի ավազանի մի շարք պետությունների, այդ թվում Իրանի իշխանությունների հետ: Ըստ նրա, «Իրանը կարող է Եվրոպայի համար լինել մատակարար երկիր` միաժամանակ հանդիսանալով տարանցիկ ուղի թուրքմենական գազի համար»:

ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան, Բաքվում ընթացող էներգետիկ համաժողովի շրջանակներում անդրադառնալով Nabucco-ին Իրանի հնարավոր մասնակցությանը պաշտոնական Վաշինգտոնի վերաբերմունքին, մասնավորապես, հայտարարել է. - «Մենք աջակցում ենք Nabucco ծրագրի իրագործմանը: Պարզ է որ Եվրոպան ցանկանում է տարբեր աղբյուրներից էներգակիրներ ստանալ: Nabucco-ն նախեւառաջ նախատեսված է լինելու ադրբեջանական, գուցե նաեւ թուրքմենական ու ղազախական գազը Եվրոպա արտահանելու համար: Իրանի խնդրում մեր տեսակետը շատ հստակ է: Այդուհանդերձ, չի բացառվում, որ մի օր Nabucco-ում ընդգրկվի նաեւ Իրանը, սակայն մենք դեռ չգիտենք, թե ինչպես են զարգանալու հետագա իրադարձությունները»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG