Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը, անդրադառնալով մարտի 1-ին «Ռոբերտո» խանութից գողություն կատարած երեք անձանց վերաբերյալ երեկ Երեւանի քրեական դատարանի հրապարակած դատավճռին, գրում է. - «Ինչպես հայտնի է, նախկինում մի քանի դատվածություն ունեցող այս երեք երիտասարդները Սերժ Սարգսյանի վստահված անձինք են եղել եւ Արտաշատից Երեւան են եկել, որովհետեւ իմացել են, որ մայրաքաղաքի կենտրոնում գողության ժամ է հայտարարված եղել: Այս գործով ապացուցվեցին ընդդիմության այն պնդումները, որ մարտի 1-ի զանգվածային անկարգություններ կազմակերպողները եւ խանութներ թալանողները հանրահավաքի մասնակիցների հետ կապ չեն ունեցել: Ավելին, խանութներ ջարդողները եղել են իշխանության կամ, ավելի ճիշտ, Սերժ Սարգսյանի կողմնակիցները»:

«Երկրում, ուր կենսաթոշակի անցած ուսուցչին 25 հազար դրամի չափ գումար է նախատեսված, իսկ զինվորականի համար` 50 հազար, պատգամավորները նախատեսում են ստանալ 600 հազար», - գրում է «168 ժամ»-ի մեկնաբանը: - «Տղերքը երեւի չգիտեն, թե որքան նպաստ է ստանում զոհված ազատամարտիկի կամ զինվորականի զավակը: Այլապես, կարծում եմ, կամաչեին իրենց նախագծից… Հեռավոր 1992 թվականին Էստոնիայի կառավարությունը որոշում ընդունեց նախարարների աշխատավարձը բարձրացնելու մասին: Համալսարանի եւ մի քանի այլ բուհերի ուսանողները մի պարկ սեւ գրոշ հանգանակեցին ու տարան-դրեցին կառավարության մուտքի դիմաց` կից նամակով բացատրելով, որ ուզում են իրենց նպաստն ունենալ սոցիալապես անապահով նախարարների բարեկեցության ապահովման գործում: Էստոնիայի կառավարությունը ամոթից չեղյալ հայտարարեց իր որոշումը»:

Մարտի 1-ի ականատեսներից մեկը «Ժամանակ Երեւան»-ում պատմում է. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը բարձրացավ հարթակ, ասաց` ժողովուրդ, կանգնեք, տեսնենք` ինչ են ասում: Մենք ոչինչ չէինք անում: Առաջին նախագահի խոսքից հետո էդ ջոկատները սկսեցին խփել մարդկանց… Ու սա թույլ զորք էր, ոնց որ չէին էլ ուզում խփել: Սրանց հետեւից միանգամից ուրիշ մարդիկ` ֆիզիկապես ավելի ուժեղ, էներգիայով, ուրախ, զվարթ, հարձակվեցին: Խփում էին ու փողոցային հայհոյանքներ անում… Մարդիկ սկսեցին այս ու այն կողմ վազել, բայց տեղ չկար փախչելու: Ոստիկաններ կային, որ մի տեղից ճամփա բացեցին, թե` տղերք, փախեք, ձեզ ստեղ կարող ա ջարդեն: Վազեցինք դեպի «Կարուզո» սրճարան: Ուզում էին դուրս գալ էդտեղից, էդ «սեւերը» հասան` դուբինկաներով, էլեկտրաշոկերով, կլոր փետերով սկսեցին հարվածել: Չէին տարբերում` տարիքով թե երիտասարդ, կին թե տղամարդ, խփում էին… Հինգ րոպեի մեջ մի օպերացիա կատարեցին… Ոնց որ էդ մտքով էլ եկել էին` ջարդելու, քանի որ առանց խոսքի սկսեցին անխնա հարվածել»:

«Ուշագրավ է եւ այն, որ Լեւոմ Տեր-Պետրոսյանն ու զինակիցները, որոնք մինչ օրս կտրականապես մերժում են իշխանության հետ երկխոսություն սկսելը, Հանրային խորհրդում ներկայացուցիչներ ունենալու առաջարկները, այժմ իրենց փողոցային պայքարի «բնականոն ընթացքը» ապահովելու նպատակով պատրաստակամություն են հայտնում համագործակցել նույն իշխանությունների հետ», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը։ - «Չլինի՞ թե «մարտի 1»-ի կազմակերպիչները այս քայլով որոշել են նախապես ապահովագրել իրենց. Աստված չանի, բայց երկրորդ արյունահեղությունը սարքելու դեպքում այս անգամ արդեն կարող են կատարվածը «պաշտոնապես» բարդել իշխանությունների վրա»։

Անդրադառնալով օմբուդսմենին` «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը գրում է. - «Դժվար է ասել՝ գուցե պաշտոնն ի՞նքն է տրամադրում խղճի գոնե նվազագույն դրսեւորումների, թե՞ համապատասխան թեկնածություն ընտրելիս նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պարզապես սխալվել էր՝ ենթադրելով, որ առաջ է քաշում հերթական պնակալեզի, բայց փաստը մնում է փաստ. թե’ Լարիսա Ալավերդյանը, թե’ Արմեն Հարությունյանը, հնարավորությունների սահմաններում, փորձում էին կատարել օրենքով նախատեսված իրենց պարտականությունները: Հետաքրքիր է, որ ընտրվելուց առաջ Արմեն Հարությունյանը ազնվորեն զգուշացրել էր պատգամավորներին՝ «եթե կարծում եք, որ ես կամակատար եմ լինելու, խնդրում եմ «դեմ» քվեարկել»: Պատգամավորները սուսուփուս կատարեցին «վերեւների» հրահանգը՝ ընտրելով ներկայիս օմբուդսմենին: Հիմա կրակն են ընկել… Բանն այն է, որ օրենքն այդ առումով ճիշտ է գրված. ընտրել կարող ես, պաշտոնանկ անել (առանց դատարանի որոշման)՝ ոչ: Իրավունքի այս նորմը տեսականորեն իսկապես ապահովում է պաշտոնյայի հարաբերական անկախությունը: Կարելի է, իհարկե, օրենքը փոխել կամ պարոն Հարությունյանի գրպանը մի քանի գրամ թմրանյութ գցել եւ հետո դատել: Բայց նման պարզունակ «մենթական հնարքները», ըստ երեւույթին, կիրառվելու են Ստրասբուրգում մեր խնդիրը քննարկելուց հետո»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG