Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Ստատուս քվոյի իրավիճակը վտանգավոր է»


Ղարաբաղյան գործընթացում ստատուս քվոյի իրավիճակը վտանգավոր է: Նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Day.az ինտերնետային պարբերականին տված հարցազրույցում:

«Դա ակնհայտ է, երբ փոխհրաձգություն է եւ մարդիկ են զոհվում: Երկու կողմն էլ տուժել են, եւ նրանք պետք է ընդհանուր լեզու գտնեն եւ բանակցությունները հասցնեն համաձայնությունների մակարդակի, իսկ դա նշանակում է փոխզիջման որոնում», - ընդգծել է Բրայզան` հավելելով. - «Առանց փոխզիջման չի լինի խաղաղ համաձայնություն: Սակայն այդ հարցը կախված է հակամարտության կողմերից, այլ ոչ թե համանախագահներից»:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` շաբաթավերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման վերաբերյալ ամերիկացի դիվանագետը նշել է. - «Այն լինելու է զուտ ճանաչողական հանդիպում, եւ դրանից բացի ես ոչինչ չեմ ակնկալում»:

Իսկ հարցին, թե «հնարավո՞ր է արդյոք Ալիեւ - Սարգսյան ձեւաչափով հասնել ավելիին, քան Ալիեւ - Քոչարյան ձեւաչափով», Մեթյու Բրայզան արձագանքել է. - «Նախօրոք այդ հարցին պատասխանելը անհնար է, խոսքը տարբեր մարդկանց մասին է, որոնք երկուսն էլ, ի դեպ, ուժեղ առաջնորդներ են: Կարծում եմ, այդ հարցին կկարողանամ պատասխանել ուրբաթ օրվանից հետո»:

Նա հայտնել է, որ համանախագահները պատրաստվում են վերսկսել բանակցությունները «այն պահից, որտեղ դրանք կանգ էին առել Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ»` դրանով իսկ պահպանելով բանակցային գործընթացի շարունակականությունը:

Ինչ վերաբերում է անցած տարվա վերջին Մադրիդում կողմերին արված առաջարկներին, ապա, Մեթյու Բրայզայի հավաստմամբ, այս պահին դրանց մասին խոսք չկա. - «Դա ուղղակի բանակցային գործընթացի մի մասն էր: Lինելով համանախագահներ` մենք տարվա ընթացքում լսել էինք երկու կողմի առաջարկները, արձանագրել եւ այդ հիմքի վրա առաջարկել էինք փոխզիջում: Այդ փոխզիջման մեջ կային պահեր, որոնք անընդունելի էին ե’ւ Ադրբեջանի, ե’ւ Հայաստանի համար, սակայն դա բնական է: Պետք է շարունակել առկա բանակցային գործընթացը եւ ընդհանուր լեզու փնտրել»:

Բանակցությունների վրա Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրությունների հնարավոր ազդեցության վերաբերյալ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն ասել է. - «Այո, Ադրբեջանում արդեն սկսվում է նախընտրական արշավը: Նախագահ Ալիեւը շատ ակտիվ ընտրարշավ է անցկացնելու, այցելելու է շրջաններ: Մյուս կողմից, ուրբաթ օրը Սանկտ Պետերբուրգում նախատեսված է նրա առաջին հանդիպումը Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանի հետ, իսկ դա նշանակում է, որ բանակցություններ վարելու հնարավորություն գոյություն ունի: Ամեն դեպքում, կարծում եմ, արտգործնախարարները կարող են առանց դժվարության վարել բանակցությունները, իսկ ժամանակ առ ժամանակ կարող են հանդիպել նաեւ նախագահները»:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG