Մատչելիության հղումներ

Շարունակվում է հացադուլը Եռաբլուրում եւ ՀՀՇ-ի կենտրոնական գրասենյակի մոտ


Մի խումբ նախկին ազատամարտիկներ շարունակում են անժամկետ հացադուլը, որը սկսել էին մայիսի 27-ին Եռաբլուրում: Անցած շաբաթավերջին Հայոց համազգային շարժում կուսակցության կենտրոնակայանի դիմաց հացադուլ սկսած ՀՀՇ-ի անդամներին երեկվանից միացել են նաեւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության երկու անդամ:

Հացադուլավորների հիմնական պահանջներ են` ազատ արձակել «քաղբանտարկյալներին» եւ անվերապահորեն կատարել ԵԽԽՎ-ի` Հայաստանին վերաբերող բանաձեւի պահանջները:

Այսօր Եռաբլուրի եկեղեցու հարեւանությամբ հացադուլը շարունակում էին 8 նախկին ազատամարտիկներ: Նրանցից Ալեքսան Ավետիսյանի խոսքով, այսօր իրենց կմիանան եւս 6 նախկին ազատամարտիկներ:

Ավետիսյանը ասաց, որ առողջական խնդիրների պատճառով մի քանի ազատամարտիկներ դադարեցրել են հացադուլը:

«Հիմա համալրվում են, ու հույս ունենք, որ շուտով մի 20-30 հոգի կունենանք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավելեց նա:

Մեկ այլ հացադուլավոր` Հրաչ պապը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ մնալու են այնքան, մինչեւ իրենց «տանեն հիվանդանոց»:

ՀՀՇ-ի կենտրոնական գրասենյակի մոտ կուսակցության անդամների` ռոտացիոն սկզբունքով անցկացվող հացադուլին երեկվանից միացել են Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության երկու անդամ:

«Դա կուսակցական որոշում է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նրանցից մեկը` ՍԴՀԿ-ի վարչության անդամ Համբարձում Եղիազարյանը: - «ՍԴՀԿ-ից այսօր երկուսս ենք նստած, բայց վաղվանից կմիանան մեզ էլի մարդիկ»:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG