Մատչելիության հղումներ

Նախիջեւանում հանդիպել են Ադրբեջանի նախագահը եւ Թուրքիայի վարչապետը


Այսօր Նախիջեւանում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել են թուրք - ադրբեջանական տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների ներկայիս մակարդակին առնչվող հարցեր:

Քննարկման առարկա են եղել նաեւ Նախիջեւանի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող տրանսպորտային նախագծեր, այդ թվում` Կարս - Նախիջեւան երկաթուղային ճյուղի, Էրզրում - Նախիջեւան գազատարի, Նախիջեւան - Ստամբուլ օդային չվերթի:

Ադրբեջանի նախագահը երեկ է ժամանել Նախիջեւան, որտեղ, մասնավորապես, մասնակցել է զինվորականների համար բնակելի շենքի, Ջուլֆայի շրջանային հիվանդանոցի բացման արարողություններին:

Ջուլֆայում Ալիեւն ասել է, թե Ադրբեջանում սոցիալական խնդիրների կարգավորման ուղղությամբ նպատակային աշխատանք է կատարվում, ու նաեւ հայտարարել է, թե Ադրբեջանի ռազմական ծախսերը գերազանցում են Հայաստանի բյուջեն:

«Մեր աշխատանքի կատարմանը զուգահեռ` մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի ազատագրել մեր տարածքները ռազմական ճանապարհով: Նախիջեւանը կարող է պաշտպանել իրեն: Առաջիկայում Նախիջեւանի ռազմական ներուժը ուժեղացնելու համար անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն», - ասել է Իլհամ Ալիեւը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG