Մատչելիության հղումներ

logo-print

«Պուտինի կառավարությունը չի ցանկանում սահմանափակվել ներռուսաստանյան խնդիրներով»


Ռուսաստանի կառավարությունը` վարչապետ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, չի ցանկանում սահմանափակվել զուտ ներռուսաստանյան խնդիրներով` պնդում են վերլուծաբանները: Նրանց կարծիքով, կառավարության աշխատակազմը մոտ ապագայում կարող է դառնալ պետության արտաքին քաղաքական ուղեգիծը վճռող առանցքային կառույցներից մեկը` արտգործնախարարությանը զուգահեռ:

Այս ամենի ապացույց վերլուծաբանները համարում են վարչապետ Պուտինի որոշումը Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Յուրի Ուշակովին կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին: Ըստ Ռուսաստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների` Ուշակովը համակարգելու է կառավարության արտաքին քաղաքական գործունեությունը:

Վաշինգտոնում գործող «Պաշտպանական տեղեկատվության կենտրոնի» ռուսաստանյան ծրագրերի տնօրեն, քաղաքագետ Նիկոլայ Զլոբինի խոսքերով` «[Ուշակովի ] նման մարդու ի հայտ գալը Պուտինի աշխատակազմում նշանակում է, որ արտաքին քաղաքականության հստակեցման եւ իրականացման գործառույթի մի զգալի մասը կարող է անցնել հենց կառավարության քարտուղարությանը»:

Միաժամանակ, վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովի համոզմամբ, արտգործնախարար Սերգեյ Lավրովն իր դիրքերը հեշտությամբ չի զիջի. - «Lավրովի օրոք արտաքին գործերի նախարարությունը ուժեղացրեց իր դիրքերը: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ Lավրովը կմնա որպես ռուսական արտաքին քաղաքականության առաջին դեմք եւ այդ քաղաքականության վերջնական համակարգող»:

Քաղաքագետ Անդրեյ Պիոնտկովսկու կարծիքով, Պուտինի ցանկությունը` զբաղվել նաեւ արտաքին քաղաքական խնդիրներով, վկայում է, որ Դմիտրի Մեդվեդեւն իրականում չի տիրապետում իշխանության բոլոր լծակներին:

«Մեդվեդեւի պաշտոնավարման առաջին երեք-չորս շաբաթները հստակորեն ցույց տվեցին, թե ով է պետության առաջին դեմքը: Կարծում եմ, որ Մեդվեդեւը ընտրվեց որպես Պուտինի հաջորդ մի շատ պարզ պատճառով. Վլադիմիր Պուտինը ենթադրում էր կամ էլ հաստատ գիտեր, որ Դմիտրի Մեդվեդեւը համակերպվելու է ստեղծված կացությանը», - ասում է Պիոնտկովսկին:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG