Մատչելիության հղումներ

Համաժողովրդական շարժումը «ամեն դեպքում Ազատության հրապարակում հանրահավաքն անցկացնելու է»


Համաժողովրդական շարժման անդամ Լեւոն Զուրաբյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը հրապարակեց Համաժողովրդական շարժման կենտրոնի հայտարարությունը հունիսի 20-ին Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքի վերաբերյալ:

«Հաշվի առնելով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1609 բանաձեւի պահանջների նկատմամբ իշխանությունների ցինիկ արհամարհանքը, ինչպես նաեւ դրանց կատարման համար բանաձեւում նշված ժամկետի լրացումը, Համաժողովրդական շարժումը որոշել է հունիսի 20-ին Ազատության հրապարակում անցկացնել համահանրապետական հանրահավաք, որի ընթացքում կամփոփվի վերոհիշյալ պահանջների կատարման ընթացքը եւ կքննարկվեն ժողովրդի անելիքները երկրում հիմնարար ժողովրդավարական ազատությունների վերականգնման ուղղությամբ», - հայտարարությունից մեջբերեց Զուրաբյանը:

Հանրահավաքի ընթացքում «հասարակական կարգը պահպանելու եւ ծայրահեղական դրսեւորումները կանխելու նպատակով», Համաժողովրդական շարժումը իշխանություններին առաջարկում է նշանակել «ոստիկանության եւ [Երեւանի] քաղաքապետարանի ներկայացուցիչներ, որոնք շարժման ներկայացուցիչների հետ միասին, գտնվելով անմիջական շփման մեջ, կկարգավորեն հանրահավաքի բնականոն ընթացքը»:

Հանրահավաքի կազմակերպիչները դեռեւս չեն դիմել Երեւանի քաղաքապետարան` իրազեկելու միջոցառման անցկացման մասին:

Զուրաբյանը, այդուհանդերձ, ասաց, որ այդ կապակցությամբ լավատես է եւ կարծում է, որ իշխանությունները «գոնե այս իրազեկումը ի գիտություն կընդունեն եւ չեն մերժի հանրահավաքի անցկացումը»: Հակառակ դեպքում, ըստ Լեւոն Զուրաբյանի, Համաժողովրդական շարժումը «ամեն դեպքում Ազատության հրապարակում հանրահավաքն անցկացնելու է»: Եվ այդ դեպքում «հնարավոր բոլոր զարգացումների ողջ պատասխանատվությունը կընկնի իշխանությունների վրա»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG