Մատչելիության հղումներ

Բջջային կապի երրորդ օպերատորի մրցույթը կանցկացվի մինչեւ տարեվերջ


Հայաստանի տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար Գուրգեն Սարգսյանը («Օրինաց երկիր» կուսացկություն), այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ բջջային հեռախոսակապի երրորդ օպերատորի մրցույթը կանցկացվի մինչեւ տարեվերջ:

Երրորդ օպերատորի մուտքի ուշացումը, նախարարի խոսքով, կապված է որոշոկի տեխնիկական եւ ֆինանսական խնդիրների հետ` «կառավարության կազմի փոփոխություն եւ այլն», միջազգային մրցույթի համար «որոշակի շոշափելի գումարներ հատկացնելու» խնդիրը:

«Աշխատանքները ընթացքի մեջ են», - վստահեցրեց նախարարը: - «Շատ մոտ ապագայում այդ հարցը կլուծվի, գումարը կհատկացվի, հայտարարությունը կտրվի: Կարծում եմ` մինչեւ տարվա վերջ մրցույթը կանցկացնենք»:

Նախարարը անդրադարձավ նաեւ երկաթուղու հետ կապված «դեռեւս տեսական մի ծրագրի». - «Շատ կարեւորում ենք Հայաստան - Իրան երկաթգծի կառուցման ծրագիրը: Իհարկե, դա այս պահին զուտ մտադրություն է, եւ, կարծում եմ, մենք ունենք շահագրգիռ շատ կողմեր, որոնք պատրաստ են մասնակցել այդ ծրագրի իրականացման ամբողջ ընթացքին»:

Գուրգեն Սարգսյանը փոխանցեց, որ այս ծրագրով որոշակի շահագրգիռ հետաքրքրություն հայտնել են ե’ւ ռուսաստանյան, ե’ւ իրանական կողմերը:

Դեռ երկու տարի առաջ արված հաշվարկով, նման երկաթծի կառուցումը կարժենար մոտ 1 միլիարդ դոլար: Այսօր այդ թիվը գրեթե կրկնապատկվել է: Թեեւ բոլոր խոսակցություններն ու հաշվարկները խիստ նախնական են, նախարարի խոսքով` ծրագրի շուրջ բանակցություններ վարելու «ռեալ հնարավորություն կա»:

Անդրադառնալով երթուղային տաքսիների եւ ընդհանրապես հասարակական տրանսպորտի սակագների հարցին, նախարարն ասաց, որ ստեղծվել էր հատուկ աշխատանքային խումբ, որի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեկ ուղեւորի փոխադրման արժեքը 58 դրամ է, մինչդեռ երթուղիները շահագործող տնտեսվարողների ներկայացված հաշվարկով, այդ թիվը կազմում է 202 դրամ:

Նախարարը ասաց, որ այս հաշվարկները կատարվել էին մինչեւ «թանկացումներ էին». - «Ավտոդողերի թանկացում, վառելիքի, գազի թանկացում… Այդ թանկացումները չեն կարող չազդել սակագների վրա` բնականաբար: Սակայն պետք է խելամիտ չափի մեջ լինի նաեւ շահութաբերությունը այս գործունեության, եւ չի կարող նման տատանում լինի` 202 եւ 58 դրամ»:

«Համենայն դեպս, այս պահին սակագների ավելացման մասին ոչ մի որոշում կայացված չէ», - եզրափակեց Գուրգեն Սարգսյանը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG