Մատչելիության հղումներ

Հայ - ադրբեջանական սահմանագոտում նախատեսված մոնիտորինգը չկայացավ


Հայ - ադրբեջանական սահմանային գոտու Տավուշի մարզի հատվածում այսօր նախատեսված հրադադարի ռեժիմի մոնիտորինգը չկայացավ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը, ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է մոնիտորինգի անցկացումից:

Մոնիտորինգը սկզբնապես նախատեսված էր Տավուշի Չինարի գյուղի հատվածում` հայկական կողմի խնդրանքով, սակայն ադրբեջանցիները համաձայնել էին մոնիտորինգի անցկացմանը միայն Բերքաբեր գյուղի հատվածում: Այդուհանդերձ, մոնիտորինգը չկայացավ նաեւ Բերքաբերի շփման գծում:

Ավելի ուշ պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի տարածած հաղորդագրության համաձայն` «ադրբեջանական կողմը չի ներկայացել հանդիպման` պատճառաբանելով, թե իբր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իրենց անվտանգության երաշխիքներն ապահովող հայտագիր չի ներկայացրել»:

Չինարի գյուղի բնակիչները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վկայեցին, որ վերջին օրերին շատացել են կրակոցները, գրեթե ամեն օր կրակոցներ են լսվում ադրբեջանական կողմից, նույնիսկ մայիսի 24-ին` Վերջին զանգի օրը, վիրավորվել է գյուղի դպրոցի տնօրենը: Գյուղացիների հավաստմամբ` վտանգը չափազանց մեծ է, եւ երեխաները նույնիսկ դպրոց եւ մանկապարտեզ են գնում վախով ու դժվարությամբ, քանի որ ամեն վայրկյան սպասելի են կրակոցներ:

Այդ իսկ պատճառով, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները, որոնք պետք է մասնակցեին այսօրվա մոնիտորինգին, չկարողացան բարձրանալ համապատասխան հատվածը` գոնե դիտելու համար այն դիրքերը, որտեղից ադրբեջանցիները կրակում են հայկական կողմի վրա:


Հովհաննես Շողիկյան, Տավուշի մարզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG