Մատչելիության հղումներ

Այսօր տեղի կունենան դեմոկրատների վերջին «փրայմերիները»


ԱՄՆ-ի Հարավային Դակոտա եւ Մոնտանա նահանգներում այսօր նախատեսված են դեմոկրատների վերջին երկու «փրայմերիները»՝ ներկուսակցական քվեարկությունները, որոնց արդյունքում կուսակցությունը պետք է որոշի, թե ում է առաջադրելու թեկնածու նոյեմբերի 2-ի նախագահական ընտրություններում:

«Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է, թե առաջին հայացքից ամեն ինչ պարզ է. Հիլարի Քլինթոնը գիտակցում է, որ դեմոկրատները օգոստոսի 25-28-ը Դենվերում կայանալիք համագումարում նախապատվությունը կտան Բարաք Օբամային:

2118 պատվիրակի ձայն է պետք համագումարում թեկնածու առաջադրվելու համար: Իլինոյսից ընտրված սեւամորթ սենատոր Օբաման արդեն ունի 2070 ձայն, իսկ Նյու 3որքը ներկայացնող սենատոր, նախկին առաջին տիկին Քլինթոնն այս պահին ունի 1915 աջակից պատվիրակ: Վերջին երկու նահանգներում պայքարն ընդհանուր հաշվով 31 ձայնի համար է, այսինքն՝ ոչ 0բաման եւ ոչ էլ Քլինթոնը 2118 քվե չեն ստանա, բայց առջեւում, միեւնույն է, Օբաման կլինի:

Դեմոկրատական կուսակցության ավանդույթներից մեկն էլ այսպես կոչված «սուպերպատվիրակների» ինստիտուտն է: «Սուպերպատվիրակները» «փրայմերիներով» չեն ընտրվում` այդ կարգավիճակն են ստանում անվանի կուսակցական գործիչները: «Սուպերպատվիրակն» ազատ է իր ընտրության մեջ, «փրայմերիների» արդյունքով պարտավորված չէ եւ օգոստոսին կայանալիք համագումարում կարող է իր հայեցողությամբ աջակցել այս կամ այն թեկննածուին:

CNN-ի տվյալներով` «սուպերպատվիրակների» շրջանում Օբամային աջակցում է 321 կուսակցական, իսկ Քլինթոնին՝ 291:

Անվանի դեմոկրատներից Այովայի նախկին նահանգապետ, Հիլարի Քլինթոնի աջակից Թոմ Վիլսանքն ասել է, որ երեքշաբթի օրվանից հետո Քլինթոնին կմնա ընդունել այն, որ Օբաման է լինելու նախագահության թեկնածու, եւ հայտարարել նրան սատարելու մասին:

Սակայն նախկին առաջին տիկինը վստահեցնում է, որ մրցավազքից դուրս չի գալու:

«Ինձ ավելի շատ կուսակցական է աջակցում, Օբաման ավելի շատ պատվիրակների քվեներ ունի. սա շատ թեժ եւ հավասար պայքար է, ամեն ինչ կորոշվի վերջին պահին», - հայտարարել է Հիլարի Քլինթոնը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG