Մատչելիության հղումներ

Այսօր Հռոմում բացվել է պարենի համաշխարհային անվտանգության գագաթնաժողովը, որի մասնակիցների թվում են շուրջ 4 տասնյակ պետությունների նախագահներ կամ վարչապետներ, նախարարներ: Հայաստանը գագաթնաժողովին մասնակցում է դեսպանի մակարդակով:

Վերջին երկու տարիներին պարենի գները կրկնապատկվել են, եւ ինչպես Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զոելիկն է կանխատեսում` դրա հետեւանքով 100 միլիոն մարդ ցածր եկամուտներ ունեցող երկրներում կարող է ընկղմվել խորը աղքատության մեջ:

Տնտեսագետներից ոմանք զգուշացնում են, որ պարենի աճող գները արդեն իսկ սովահարության սպառնալիքի առջեւ են կանգնեցրել աշխարհի ամենաաղքատներին:

Գագաթնաժողովին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը դիմել է աշխարհի ղեկավարներին` խնդրելով նրանց անհապաղ կասեցնել առեւտրի սահմանափակումները, վերացնել գյուղատնտեսական հարկերը եւ գների վերահսկողության այլ մեթոդները: Բան Կի-մունի կարծիքով` պարենային մթերքների գնաճը վերջին 20 տարիներին իր բարձրակետին հասավ հենց այդպիսի սահմանափակումների պատճառով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ սննդամթերքի աճող պահանջարկը բավարարելու համար պարենի արտադրությունը մինչեւ 2030 թվականը պետք է աճի 50 տոկոսով:

Գագաթնաժողովի նախօրեին Պարենի համաշխարհային կազմակերպության խոսնակ Էրվին Նորթոֆը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ կոնկրետ տվյալներ չունի Հայաստանի կամ Հարավային Կովկասի մասին, բայց կարող է նշել, որ բարձր գների հետեւանքները կզգացվեն նաեւ ապագայում:

«Մոտ ապագայում պարենային ապրանքների գները հավանաբար կնվազեն, սակայն գները երբեք չեն իջնի անցյալի ցածր մակարդակին: Էժան պարենը, որ մենք վայելում էինք անցյալում, հավանաբար այլեւս չի լինի ապագայում», - իր հոռետեսական կանխատեսումը փոխանցեց Պարենի համաշխարհային կազմակերպության խոսնակը:

Սակայն Պարենի համաշխարհային կազմակերպությունը ծրագրեր ունի եւ պատրաստվում է հորդորել կառավարություններին` զարգացնել գյուղատնտեսության ոլորտը:

Գլխավոր հանձնարարականներից մեկը, որ կտա այս գագաթնաժողովը, այն է, որ կառավարությունները պետք է ավելի շատ ներդրումներ անեն եւ ընդունեն գյուղատնտեսության կարեւորությունը:

«Պետք է ստեղծվեն ճիշտ պայմաններ ֆերմերների համար, որ նրանք կարողանան պարեն արտադրել. ահա սա է լինելու գագաթնաժողովի հիմնական հանձնարարականը կառավարություններին», - ասում է Էրվին Նորթոֆը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG