Մատչելիության հղումներ

logo-print

«Հազարամյակի մարտահրավեր»-ի շահառուների խորհուրդը հանձնաժողով կկազմի` ուսումնասիրելու շահերի բախման խնդիրը


«Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շահառուների խորհրդի այսօրվա նիստում որոշվեց կազմել հանձնաժողով` շահերի բախման խնդիրն ավելի մանրամասն ուսումնասիրելու եւ այն բացառելու մեխանիզմներ մշակելու համար:

Շահառուների խորհուրդը կոչված է ներկայացնել հասարակության շահերը, այն է` հետեւել, որ մրցույթին մասնակցող կազմակերպությունները եւ կառավարությունը ճիշտ օգտագործեն տրամադրված միջոցները: Սակայն ընթացքում պարզվում է, որ խորհրդի որեւէ անդամի ներկայացրած հասարակական կազմակերպությունը պոտենցիալ կամ գործնական շահեր ունի ծրագրի հետ կապված, օրինակ` մասնակցել է «Հազարամյակի մարտահրավեր»-ի որեւէ ծրագրի մրցույթին:

Շահառուների խորհրդի անդամ, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Շահերի բախման հարցը քննարկվել է շահառուների խորհրդում տարիուկես շարունակ: Միշտ էլ այդ հարցը եղել է արդիական. չեմ սխալվի, եթե ասեմ, որ քննարկումների տեւողության մոտ 40 տոկոսը եղել է շահերի բախումների վերաբերյալ` դրանք կանխարգելելու, բացառելու, եւ այլն, ու արդյունքի չենք հասել: Ամեն անգամ նման դեպքեր լինում են, եւ վերջնական եզրակացություն չի ստացվում»:

Նման խնդիրը բացառելու համար Բարսեղյանն առաջարկում է, որպեսզի որեւէ անձ կամ հասարակական կազմակերպություն, որը մտադիր է մասնակցել տենդերներին, ի սկզբանե հրաժարվի շահառուների խորհրդի անդամությունից:

Մինչդեռ, շահառուների խորհրդի մյուս անդամների մեծ մասը այստեղ շահերի բախման խնդիր չեն տեսնում եւ կարծում են, որ ոչ թե շահառուների խորհրդի, այլ կառավարման խորհրդի անդամությունից պետք է հրաժարվել միայն այն դեպքում, եթե կազմակերպությունն արդեն շահել է մրցույթում:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG