Մատչելիության հղումներ

Մահացել է Իվ Սեն Լորանը


Փարիզից ստացված հաղորդագրության համաձայն` երեկ երեկոյան 71 տարեկանում մահացել է աշխարհահռչակ մոդելյոր-դիզայներ Իվ Սեն Լորանը: «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ` մոտ մեկ տարի առաջ բժիշկները նրա գլխուղեղում քաղցկեղ էին հայտնաբերել:

Իվ Սեն Լորանը 20-րդ դարի ամենահայտնի մոդելյորներից էր:

«Շանելը կանանց ազատություն է տվել, Սեն Լորանը՝ ուժ: Նա իսկական ստեղծագործող էր, ազատական եւ անարխիստ, ով ռումբ նետեց հասարակության հիմքերի վրա: Այդպես նա վերափոխեց հասարակությունը եւ կանանց», - ասել է մոդելյորի բարեկամ եւ 40 տարվա ֆործընկեր Պիեր Բերժեն եւ հավելել. - «Իվ Սեն Լորանը համոզված էր, որ նորաձեւությունը կոչված է ոչ միայն հրաշալի դարձնել կանանց, այլեւ նրանց վստահություն հաղորդել»:

Ըստ «Ասոշիեյթեդ փրես»-ի, Իվ Սեն Լորանին անվանել են վերջինը Քրիստիան Դիորի եւ Կոկո Շանելի լեգենդար սերնդից, ովքեր իրենց նրբաճաշակ աշխատանքով Փարիզը դարձրել են աշխարհի նորաձեւության մայրաքաղաքը:

«Ռահվիրա եւ երազող, նա իր հանճարով նպաստել է աշխարհում Ֆրանսիայի ազդեցության ամրապնդմանը», - ասել է Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը:

«Երիտասարդությանը հասկանալու, հմուտ եւ արդիական վարպետ լինելու շնորհիվ պարոն Սեն Լորանը հեղափոխեց նորաձեւության աշխարհը: Նրա ավանդը երբեք չեն ուրանա», - ասել է «Կալվին Կլեյն» մոդելյորական ընկերության դիզայներ Ֆրանցիսկո Կոստան:

Իվ Սեն Լորանը ծնվել է Ալժիրում: 17 տարեկանում իր պատրաստած կոկտեյլի երեկոյի հագուստի համար նա ստացել է առաջին միջազգային մրցանակը: 1957 թվականին Քրիստիան Դիորի անսպասելի մահից հետո 21-ամյա Սեն Լորանին վստահել են «Դիորի Տուն» մոդելյորական կենտրոնի ղեկավարությունը:

Իվ Սեն Լորանն իր անվամբ դիզայնի կենտրոնը ստեղծել է 1962 թվականին՝ Պիեր Բերժեի հետ: Այդ տարի Փարիզում՝ Սենայի ձախափնյա հատվածում նրանք բացել են պատրաստի հագուստի առաջին խանութները:

1985 թվականին Իվ Սեն Լորանին Ֆրանսիայում շնորհել են Պատվո Լեգեոնի շքանշանը:

«Ասոշեյթեդ փրես»-ը հաղորդում է, որ Սեն Լորանը տասնամյակներ շարունակ տառապել է դեպրեսիայից: 2002 թվականին 65 տարեկանում նա հայտարարել է աշխատանքն ավարտելու որոշման մասին, որը «մեծ ցավ է առաջացրել նորաձեւության աշխարհում եւ ընդունվել է որպես մի դարաշրջանի ավարտ»:

«Նա չէր սիրում այսօրվա նորաձեւությունը եւ խոստովանում էր, որ այն չի հասկանում», - ասել է Պիեր Բերժեն:

«Ես գիտեմ, թե ինչ է նշանակում վախը եւ միայնակությունը, ես գիտեմ, որ թմրադեղն ու հանգստացուցիչները կեղծ բարեկամներ են, ես գիտեմ, թե ինչ է նշանակում դեպրեսիայի բանտը եւ հիվանդանոցները», - խոստովանել է Իվ Սեն Լորանը թոշակի անցնելուց հետո տված մի հարցազրույցում:

Իվ Սեն Լորանի հուղարկավորությունը տեղի կունենա ուրբաթ օրը Փարիզի կենտրոնում գտնվող Սեն Ռոշ եկեղեցում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG