Մատչելիության հղումներ

Պեկին 2008. ուղեգիր է նվաճել 23 մարզիկ 7 մարզաձեւերում


Պեկինի ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն 23 մարզիկներ 7 մարզաձեւերում:

«Հայաստանի մարզիկների համար ավարտվել են օլիմպիական վարկանիշային մրցաշարերը: Ուղեգիր են նվաճել` 6 ծանրորդներ, 4 բռնցքամարտիկներ, հունահռոմեական ոճի 6 ըմբիշներ, ազատ ոճի 3 ըմբիշներ, 2 ձյուդոիստ, 1 հրաձիգ եւ 1 նիզականետորդ: Թեթեւ աթլետիկա եւ լող մարզաձեւերից եւս 2 մարզիկներ կմեկնեն Պեկին, եթե Միջազգային օլիմպիական կոմիտեն սպիտակ քարտ հատկացնի նրանց», - տեղեկացրեց Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Յուրի Ալեքսանյանը:

Թվով 29-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական դրոշը, ավանդույթի համաձայն, կտանի եւ հայկական պատվիրակությանը կառաջնորդի Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը: Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, պատրաստ են դրոշները, խորհրդանիշները, օլիմպիական զգեստները:

«Արդեն պատրաստ են մեր օլիմպիական խորհրդանիշ առյուծը, դրոշները` անձրեւային եւ ոչ անձրեւային պայմանների համար, ինչպես նաեւ մեր մարզիկների երեք տեսակի զգեստները` մրցութային, մարզական եւ շքերթային: Պեկինում կգործի նաեւ օլիմպիական տուն, հավանաբար` մեր դեսպանատանը», - հայտնեց նախարարի մամլո քարտուղարը:

Հայաստանի պատվիրակությունը Պեկին կմեկնի խաղերի մեկնարկից օրեր առաջ` երկու հերթախմբով: Պատվիրակության մասնակցության համար պետբյուջեից հատկացվել է 89 մլն դրամ: Սակայն, Յուրի Ալեքսանյանի խոսքով, օլիմպիական խաղերին մասնակցության բոլոր ծախսերը հատուցվելու են Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից:

Նախորդ Օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանի օրհներգը չհնչեց. Աթենքում կայացած ամառային խաղերից Հայաստանը ներկայացնող 18 մարզիկները վերադարձան ձեռնունայն: Դեռ հայտնի չէ, կհնչի՞ արդյոք Հայաստանի Հանրապետության օրհներգը այս օլիմպիական մայրաքաղաքում, սակայն նախարարի մամլո խոսնակը իր անձնական կարծիքը հայտնեց «Ազատություն» ռադիոկայանին. Յուրի Ալեքսանյանը մեդալի հույսերը կապում է հիմնականում երեք մարզաձեւերի հետ` ծանրամարտ, բռնցքամարտ եւ ըմբշամարտ:

«Մեկ աշխարհ, մեկ երազանք»` այս խորագրի ներքո Չինաստանի մայրաքաղաքում օգոստոսի 8-24-ը կանցկացվեն ամառային Օլիմպիական խաղերը:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG