Մատչելիության հղումներ

logo-print

15 ազատամարտիկներ շարունակում են հացադուլը Եռաբլուրում


Այսօրվա դրությամբ, 15 ազատամարտիկներ շարունակում են հացադուլը Եռաբլուրում:

«Արաբկիր» ջոկատի անդամ Համլետ Պետրոսյանը, ով երրորդ օրն է հացադուլում, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ դիմել են ծայրահեղ այդ միջոցին, քանի որ իրենց մարտական ընկերների ազատության համար պայքարելու այլ միջոց չեն տեսնում:

«Մենք այլընտրանք չունենք ուղղակի, ուրիշ անելու բան չունենք մեր ընկերների համար», - ասաց նա եւ հայտնեց, որ պատրաստվում են հացադուլում մնալ մինչեւ հունիսի 20-ը` «կապված նաեւ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 1609 բանաձեւի հետ»:

«Եթե ինչ-որ բան կփոխվի դեպի լավը, տղաներին կազատեն, գուցե մենք ավելի շուտ դադարեցնենք», - նշեց Պետրոսյանը:

Ազատամարտիկ Արսեն Հակոբյանը, ով արդեն յոթներորդ օրն է հացադուլում, պնդում է, որ անազատության մեջ գտնվող ազատամարտիկները ոչ մի մեղք չունեն, իսկ ինչ վերաբերում է զենքերի հետ կապված մեղադրանքներին, ապա դրանք, նրա խոսքերով, իրականության հետ որեւէ կապ չունեն եւ «զրպարտանքներ» են:

Չորրորդ օրը հացադուլում գտնվող Մարտին Բաղդասարյանը նշում է, որ հացադուլի միջոցով պահանջում է ոչ միայն ազատ արձակել իր «քաղբանտարկյալ» ընկերներին, այլեւ պատժել մարտի 1-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառած անձանց ու կազմակերպիչներին: Նա մարտի 1-ին անձամբ եղել է Ազատության հրապարակում եւ պնդում է, թե իրավապահ մամինների տարածած տեղեկությունն այն մասին, որ իրենց մոտ զենք է եղել, իրականությանը չի համապատասխանում:

«Հացադուլը մենք արել ենք նրա համար, որ բողոքում ենք, որ օրենք չկա: Եթե մի երկրում օրենք չի գործում, այդ երկիրը ավերակի է նման», - հայտարարեց Բաղդասարյանը:

Նույնպես չորրորդ օրը հացադուլում գտնվող 80-ամյա Հրաչ Ալոյանն էլ ասաց, որ Ազատության հրապարակում է եղել բոլոր 9 օրերի ընթացքում եւ ոչ մի րոպե այնտեղից չի հեռացել: Նա եւս պնդում է, որ հրապարակում զենք չի եղել. - «Ինչ զենք, ինչ զրահ, ով է տեսել: Իրենք եկան պարզապես ջարդեցին ժողովրդին, փայտ ու երկաթը լցրեցին: Իրենք են քրեական հոդվածի իսկական տերերը»:

Համլետ Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ վերջին երկու օրերի ընթացքում իրենց մարտական ընկերներից երեքի առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ նրանք ստիպված դուրս են եկել հացադուլից:

Եռաբլուրում` եկեղեցու հարեւանության հացադուլ անող ազատամարտիկների վկայությամբ, բժշկական վերահսկողություն իրենց նկատմամբ չի իրականացվում, եթե որեւէ մեկը վատ է զգում, ապա իրենք են շտապօգնություն կանչում:

Փոխարենը, չորրորդ օրը հացադուլում գտնվող Տարիել Սահակյանի փոխանցմամբ, իրենց ամեն օր տեսակցելու են գալիս Ազգային անվտանգության ծառայությունից. - «Ամեն առավոտ գալիս են, կանգնում, զրուցում են, թե` «տղերք, քանի՞ հոգի եք, ի՞նչ եք անում, ո՞նց եք, ի՞նչ եք», ու գնում են»:

Հացադուլավոր ազատամարտիկները այսօր հայտարարությամբ են հանդես եկել, որում իրենց ակցիային միանալու կոչ են անում բոլոր ազատամարտիկներին:

Մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերից հետո, որոնց արդյունքում սպանվեց 10 մարդ, տարբեր մեղադրանքներով կալանավորվել են տասնյակ մարդիկ, այդ թվում ազատամարտիկներ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG