Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը մտահոգված է Աբխազիա լրացուցիչ զորք ուղարկելու Մոսկվայի որոշմամբ


ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամլո խոսնակ Շոն ՄըքՔորմաքը երեկ հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնին մտահոգություն է պատճառում առանց Վրաստանի համաձայնության զինծառայողների լրացուցիչ խումբ, այդ թվում երկաթուղային զորքի ստորաբաժանում Աբխազիա գործուղելու մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության մայիսի 31-ի հաղորդագրությունը:

«Մենք մեր մտահոգությունները փոխանցել ենք Ռուսաստանի կառավարությանը, մենք այս խնդրի շուրջ կապի մեջ ենք Վրաստանի իշխանությունների հետ», - ասել է Պետդեպարտամենտի մամլո խոսնակը:

ՄըքՔորմաքի խոսքերով, ռուսական կողմի այս քայլը հատկապես անհասկանալի է այն բանից հետո, երբ Վրաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անցած շաբաթ հաղորդել է Աբխազիայի օդային տարածքում հետախուզական ինքնակառավարվող օդանավերի թռիչքները դադարեցնելու մասին:

«Ռոյթերզ» լրատվական գործակալությունը նշում է, որ վրացիները անցած ուրբաթ օրը պարտավորվել են չշարունակել թռիչքները` այդպես փորձելով փարատել Արեւմուտքի մտավախությունները, թե Թբիլիսիի եւ Մոսկվայի հետզհետե սրվող հարաբերությունները կարող են վերաճել պատերազմի:

Մայիսի 31-ին Նյու 3որքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դռնփակ նիստում քննարկվել է ապրիլի 20-ին Աբխազիայի օդային տարածքում վրացական հետախուզական օդանավը վայր գցելու հարցը: Աբխազները ապրիլի 20-ին հայտարարել էին, թե այն խփել է իրենց հակաօդային պաշտպանության մարտկոցը, սակայն վրացիները պնդում են, որ օդանավը ռուսներն են ոչնչացրել:

ՄԱԿ-ի փորձագետներն իրենց զեկույցում պաշտպանել են վրացիների տեսակետը` նշելով, թե ռադարի գրանցումները վկայում են, որ հետախուզական ինքնակառավարվող օդանավին մոտեցել է մի մարտական կործանիչ, հրթիռ է արձակել եւ սլացել դեպի Ռուսաստանի օդային տարածք:

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը հայտարարել է, թե այդ զեկույցը համապարփակ եւ համոզիչ չէ:

«Մենք ցանկանում ենք պարզել բոլոր հանգամանքները, դրա համար անհրաժեշտ են Վրաստանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության զեկույցում նշված բոլոր վկայությունները, այլ ոչ թե միայն այն, ինչ տեղ է գտել զեկույցում», - ասել է Չուրկինը եւ հավելել. - «Մենք պատրաստվում ենք մեր մանրամասն հետաքննությունն անցկացնել, այդ թվում՝ օտարերկրացի փորձագետների մասնակցությամբ»:

Ըստ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի փոխդեսպան Ալեխանդրո Վոլֆի` ՄԱԿ-ի փորձագետներն ասում են, որ ռուսական օդանավը ներխուժել է Վրաստանի տարածք եւ վայր է գցել ինքնակառավարվող օդանավը:

«Դա շատ վտանգավոր զարգացում է, սադրիչ գործողություն, Վրաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության բացահայտ ոտնահարում», - հայտարարել է Վոլֆը:

Այսօր Վրաստանի արտգործնախարարություն են հրավիրելու Ռուսաստանի դեսպանին եւ նրան բողոքի նոտա են փոխանցելու:

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունից հայտնում են, որ դա կլինի Վրաստանում մոտ երկու տարի աշխատող Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին փոխանցված արդեն 58-րդ նոտան:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG