Մատչելիության հղումներ

logo-print

Պատգամավորներն առաջարկում են կրկնապատկել իրենց եւ իշխանության մյուս ճյուղերի ղեկավար աշխատողների աշխատավարձերը


Իշխանական կոալիցիան ներկայացնող 4 կուսակցությունների մի քանի պատգամավորներ մայիսի 26-ից Ազգային ժողովում շրջանառության մեջ են դրել օրինագիծ, որով նախատեսվում է կրկնապատկել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերը:

Այս փոփոխությունների ընդունվելու դեպքում երկրի նախագահը ամսական կստանա 800 հազար դրամ աշխատավարձ` ներկայիս 400 հազար դրամի փոխարեն: Ազգային ժողովի նախագահը, երկրի վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը կստանան 720-հազարական դրամ` ներկայիս 340-հազարական դրամի փոխարեն: Խորհրդարանական հանձնաժողովների նախագահներն ու բոլոր պատգամավորները կստանան 600-հազարական դրամ ամսական աշխատավարձ` ներկայիս 300 հազարի փոխարեն, նախարարներն ու Երեւանի քաղաքապետը` նույնպես 600-հազարական դրամ:

Օրենքի ուժի մեջ մտնելն ամրագրվում է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Օրինագծի ընդունվելու դեպքում հուլիսի 1-ից կկրկնապատկվեն նաեւ պատգամավորական հավելյալ ծախսերի համար տրամադրվող միջոցները. խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահները կստանան 10-հազարական դրամ, իսկ բոլոր պատգամավորները` 30-հազարական դրամ ամսական լրավճար:

Հեղինակները առաջարկվող փոփոխությունները հիմնավորել են Սահմանադրությունում կատարված փոփոխություններն իրացնելու, ինչպես նաեւ քաղծառայողների ու ղեկավար աշխատողների աշխատավարձերի համարժեքության վերականգնման անհրաժեշտությամբ:

Սահմանադրության դեպքում մասնավորեցում չկա, իսկ քաղծառայողների դեպքում նշված է. - «2003 թվականի հուլիսի 1-ից քաղծառայողների բազային աշխատավարձը եղել է 20 հազար դրամ, իսկ ներկայումս բարձրացվել է 40 հազար դրամի»:

Նախագծի 7 հեղինակներից մեկը` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ոչ թե ստորագրել ենք այդ օրենքը այն մղումով, որ նա անմիջապես ընդունվի, այլ մենք ստորագրել ենք այդ օրենքը այն պարզ մղումով, որ հրավիրենք բոլորի ուշադրությունը այդ հանգամանքի վրա»:

Հարցին, թե արդյոք մտավախություն չկա՞, որ հասարակության մեջ նախաձեռնությունը կարող է վատ ընկալվել, Սաֆարյանը հակադարձեց. - «Ես եւ պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը` «Բարգավաճ Հայաստան»-ից, ստորագրել ենք այդ նախագծի տակ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս տարվա ընթացքում բոլոր պետական ծառայողների, բյուջեից աշխատավարձ ստացող բոլոր կատեգորիաների աշխատավարձերը քայլ առ քայլ պետք է բարձրացվեն: Ինչ-որ մի տեղից այդ գործընթացը պետք է սկսվի, եւ մեր օրենքի հեղինակները ճշմարտացիորեն մտածել են, որ դա պետք է սկսվի այդ օրենքից: Ես համոզված եմ, որ մինչեւ տարվա վերջ մենք քննարկելու ենք եւ անցկացնելու ենք բյուջեից սնվող բոլոր կատեգորիաների աշխատավարձերի բարձրացման մասին հարցերը»:

«Հանրապետության վարչապետը հայտարարել է, որ պետական պաշտոնյաների աշխատավարձերը պետք է մրցունակ լինեն մասնավոր բիզնեսի աշխատավարձերի հետ, որպեսզի գայթակղություններ եւ անհարկի անառողջ երեւույթներ պետական համակարգում չլինեն: Մարդկանց պետք է սովորեցնել ապրել արժանապատիվ, բայց միեւնույն ժամանակ` ապրել աշխատավարձով», - ընդգծեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը:

Խորհրդարանի միակ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունն առայժմ չի քննարկել հարցը եւ պաշտոնական տեսակետ դեռեւս չունի: Խմբակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց իր անձնական կարծիքը. - «Եթե աշխատավարձերի բարձրացումը տեղավորվելու է հակակոռուպցիոն ռազմավարության տրամաբանության մեջ, ըստ որի` պաշտոնատար անձը որոշակիորեն պետք է ֆինանսապես ապահովված լինի, որպեսզի զերծ մնա կաշառք վերցնելու գայթակղությունից, այդ դեպքում ես դրական եմ համարում»:

Կառավարության եզրակացությունը նախագծին դեռեւս սպասվում է:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG