Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինայում կասկածի տակ են առնում «Եվրատեսիլ - 2008»-ի արդյունքները


Իրականում, նրանց կարծիքով, Ուկրաինան ներկայացնող Անի Lորակն է զբաղեցրել առաջին հորիզոնականը, պարզապես եվրոպական պետություններն ու շոու-բիզնեսի ներկայացուցիչները չեն կարողացել հաշտվել Ուկրաինան առաջին տեղում տեսնելու մտքի հետ:

Ուկրաինացի երգչուհին 230 միավորով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը` «Եվրատեսիլ»-ի հաղթող Դիմա Բիլանին զիջելով 42 միավորով:

Մրցույթից հետո Անի Lորակին հղած շնորհավորական ուղերձում Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն գրել էր. - «Ես գիտեմ, որ դու առաջինն էիր, սակայն ողջախոհ եւ նրբանկատ Եվրոպան չկարողացավ այս անգամ հաշտվել Ուկրաինայի հաղթանակի հետ»:
Որպես մրցույթի արդյունքների կեղծումը վկայող փաստ` Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերության պաշտոնյաները վկայակոչում են սեփական երկրի օրինակը: Ըստ պաշտոնական արդյունքների` եզրափակիչում Ուկրաինան Բիլանին տվել էր ամենաբարձր` 12 միավորը, սակայն հեռուստառադիոընկերության ղեկավար Վասիլի Իլաշչուկը հայտարարել է, թե արդյունքների հրապարակումից անմիջապես հետո անցկացված հարցումների մասնակից որեւէ ուկրաինացի չի ասել, թե ինքը Ռուսաստանի օգտին է քվեարկել:

Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերության պաշտոնյաները նաեւ հայտարարել են, որ դատի են տալիս ռուսաստանյան պետական «Ռոսիա» հեռուստաալիքին, քանի որ «Ռոսիա»-ն արբանյակայինով հեռարձակել է «Եվրատեսիլ»-ի եզրափակիչ փուլը Ուկրաինայի տարածքում, մինչդեռ դրա բացառիկ իրավունքը պատկանում էր Ուկրաինայի առաջին հեռուստաալիքին:

Ռուսաստանյան լրատվամիջոցների մեկնաբանություններով` Դիմա Բիլանի դեմ այս արշավը հրահրում է ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը, ով Անի Lորակի պրոդյուսերն էր: Կիրկորովը, ըստ այդ մեկնաբանությունների, վերջին շրջանում խնդիրներ ունի ռուսաստանյան շոու-բիզնեսում եւ դժվարությամբ է հաշտվում, իր բնորոշմամբ` «նորելուկ» Բիլանի հաջողությունների հետ:

Դիմա Բիլանի երկրպագուները, մինչդեռ, երիտասարդ երգչին մեծարելու հերթական յուրօրինակ նախաձեռնությամբ են հանդես գալիս: Նրանք մտադիր են Բիլանի արձանը կանգնեցնել Նիժնի Նովգորոդում եւ պատվանդանին գրել` «Դիմա, դու լավագույնն ես»: Ծրագիրը ֆինանսավորելու խնդրանքով երգչի երկրպագուները դիմել են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG