Մատչելիության հղումներ

Իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների ընկալումերը շարունակում են հակադիր մնալ


Հայաստանյան իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները վերահաստատում են իրենց տեսակետները, որոնք շարունակում են հակադիր մնալ:

Մամուլի ազգային ակումբում այսօր կայացած քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ, մասնավորապես, Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացնելու եւ քաղբանտարկյալների առկայության-չառկայության խնդիրների շուրջ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների կարծիքները չեն փոխվել եւ շարունակում են հակադիր մնալ:

Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, օրինակ, ասաց, որ իշխանությունն ու ընդդիմությունը կարող են երկխոսություն սկսել «արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հարցի շուրջ»` ԵԽԽՎ-ի բանաձեւի պահանջները կատարելուց եւ «քաղբանտարկյալներին» ազատ արձակելուց հետո:

«Եթե հիմա նոր ընտրություն ենք նշանակում` պառլամենտական կամ նախագահական, որտե՞ղ է այն վստահությունը, որ որեւէ քաղաքական ուժ, որը պարտվել է, նորից չի բողոքարկելու», - հակադարձեց Ազգային ժողովում ՀՀԿ-ի խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը` հավելելով նաեւ, թե նոր ընտրություններ անցկացնելը կհակասի Սահմանադրությանը:

Սրան ի պատասխան` ընդդիմության ներկայացուցիչները ասացին, թե իշխանությունը «Սահմանադրությունը խախտում է ամեն օր»:

«Ինչո՞ւ եք զարմանում, երբ պահանջում ենք արտահերթ ընտրություններ. ասում եք` Սահմանադրությունը կարդացեք», - ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար անդամ Ռուզան Խաչատրյանը: - «Իսկ իշխանությունները Սահմանադրությունը կարդացե՞լ են, որ տարիներ շարունակ ոտնահարում են այդ Սահմանադրությունը… Ինչո՞ւ ես` Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, չեմ կարող Ազատության հրապարակում գնալ կանգնել կամ զբոսնել: Եթե ուզում եք ցույց տալ, որ իրոք փոփոխություն եք ուզում անել, ազատեք այդ Ազատության հրապարակը»:

Իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները այսօր համաձայնության եզրեր չգտան նաեւ երկրում քաղբանտարկյալների առկայության-չառկայության հարցի շուրջ: ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչները կրկնեցին արդեն բազմիցս ասվածը, թե` հանցագործություն չկատարած անձը պատասխանատվության չպետք է ենթարկվի, եւ` եթե հետաքննությունը պարզի, որ կան քաղբանտարկյալներ, ապա իրենք կպահանջեն, որ նրանք անհապաղ ազատ արձակվեն:

Ընդդիմադիրների կարծիքով, սակայն, քաղբանտարկյալների առկայության առումով «մեծ ուսումնասիրությունների» կարիք չկա:

Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը, օրինակ, խորհուրդ տվեց հարցը ուղղել նախկին քաղբանտարկյալներին. - «Դիմեք Պարույր Հայրիկյանին. նա քաղբանտարկյա՞լ է եղել, թե՞ քրեական հանցագործ: Մեր ընկերները, ովքեր այսօր գտնվում են բանտերում, մեծամասամբ քաղբանտարկյալներ են, եւ դա վկայում է այն մասին, որ Հայաստանում դեմոկրատիայի վիճակը ողբալի է»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG