Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկելու է Աբխազիայում խփված վրացական օդանավի հարցը


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Աբխազիայի օդային տարածքում վրացական հետախուզական օդանավի ոչնչացման վերաբերյալ ՄԱԿ-ի փորձագետների զեկույցը այսօր երեկոյան դռնփակ նիստում քննարկելու մասին Վրաստանի դիմումը:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին մամուլին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը` հավելելով, որ արեւմտյան դիվանագետները մերժել են խորհրդի նիստում Աբխազիայի ներկայացուցչին ելույթի իրավունք տրամադրելու խնդրանքը:

«Մենք մեր ափսոսանքն ենք հայտնել քննարկման ընթացքում աբխազական կողմի տեսակետը լսելու հնարավորության բացակայության կապակցությամբ: Առանց այդ կողմի մասնակցության` առարկայական, ամբողջական եւ լուրջ քննարկում հնարավոր չէ», - ասել է Չուրկինը եւ միաժամանակ հույս հայտնել, որ երկու ամիս անց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Վրաստանի հարցով կայանալիք նիստում աբխազներին, այնուամենայնիվ, կտրվի ելույթի հնարավորություն:

«Ես այդ հարցում հիմա շատ ավելի մեծ աջակցություն եմ զգում, որովհետեւ արդեն ըմբռնելի է դառնում այն իրողությունը, որ Անվտանգության խորհուրդը չի կարող տարիներով քննարկել երկու կողմերի միջեւ հակամարտության հարցը` չունենալով մյուս կողմին լսելու հնարավորություն», - նշել է Վիտալի Չուրկինը:

Ապրիլի 20-ին Աբխազիայի օդային տարածքում ոչնչացվել է վրացական ինքնակառավարվող հետախուզական օդանավ: Աբխազները հայտնել են, որ այն վայր է գցել իրենց հակաօդային պաշտպանության մարտկոցը, սակայն վրացիները պնդում են, որ օդանավը ռուսներն են խփել: ՄԱԿ-ի փորձագետները վերլուծել են ռադարի արձանագրած տվյալները եւ հանգել այն եզրակացության, որ, իրոք, ռուսական մարտական կործանիչն է հրթիռով ոչնչացրել վրացիների հետախուզական օդանավը:

ՄԱԿ-ում Վրաստանի դեսպան Իրակլի Ալասանիան ասել է, որ վրացական կողմը Ռուսաստանի Դաշնությունից պահանջում է «ընդունել օդանավը ոչնչացնելու փաստը, պարզաբանումներ տրամադրել ապրիլի 20-ին տեղի ունեցած ագրեսիայի վերաբերյալ եւ փոխհատուցել Վրաստանի ներքին գործերի նախարարությանը հասցրած նյութական վնասը»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG