Մատչելիության հղումներ

Ռուբեն Հակոբյան. «Դեմ եմ անսկզբունքայնությանը»


«Սկզբունքային անհամաձայնություններ ունեմ կուսակցության կողմից վերջին մեկ տարվա ընթացքում վարվող քաղաքականության վերաբերյալ», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց Դաշնակցությունից հեռացված Ռուբեն Հակոբյանը:

«Դա վերաբերում է ե’ւ նախագահական ընտրություններին մասնակցության ձեւին եւ բովանդակությանը, ե’ւ նախագահական ընտրություններից հետո ծավալվող գործունեությանը», - ընդգծեց Հակոբյանը` հավելելով. - «Դեմ եմ անսկզբունքայնությանը: Որեւէ քաղաքական կուսակցության անսկզբունքայնությունը ինձ համար անհասկանալի է»:

«Այսինքն` կոալիցիային միանալը անսկզբունքայնությո՞ւն է», - այս հարցին նախկին դաշնակցական գործիչը արձագանքեց. - «Ինձ համար չափից դուրս անհասկանալի էր, որ ընդդիմադիր դաշտը ամբողջությամբ հանձնվեց Լեւոն Տեր-Պետրոսյանին: Եթե մենք խոսում ենք իսկապես պետության դինամիկ, ռիթմիկ զարգացման համար, քաղաքական դաշտի կայունության համար, պետք է որ ապահովել այդ դաշտում ընդդիմադիր կեցվածքի, ընդդիմադիր ճշգրիտ պահվածքի կուսակցություններ: Այսօր այն հարաբերությունը, որ կա Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իշխանությունների միջեւ, դա քաղաքական պայքար չէ, դա կռիվ է, եւ ինչ-որ տեղ` որեւէ օրենք չճանաչող կռիվ է»:

Նա անընդունելի է համարում այնպիսի մոտեցումը, ըստ որի` «եթե կոալիցիայում չես, նշանակում է` Տեր-Պետրոսյանի հետ ես». - «Նույնը մեկ այլ ֆորմատով հետեւյալն է, որ հայ ժողովուրդը բաժանված է երկու հատվածի` մեկը իշխանության հետ է, մյուսը` Լեւոն Տեր-Պետրոսյանի: Շատ ընդգծված էգոիստական մոտեցում է, որը, անկեղծ ասած, ձեռնտու է երկու կողմին»:

Այն, որ երկու այդպիսի բեւեռ կա, ըստ Ռուբեն Հակոբյանի, չի նշանակում, որ ամբողջ հասարակությունը միացված է դրանցից որեւէ մեկին. - «Ես հաստատապես կարող եմ ասել, որ ոչ պակաս` ե’ւ քանակով, ե’ւ առավել եւս որակով, կա զգալի մի հատված մեր հասարակության, որը հենց գտնվում է այս երկու բեւեռների արանքում: Ի վերջո, այդ հասարակությունը կկազմակերպվի եւ ինքը հանունի, ոչ թե ընդդեմի իր խոսքը կասի այս պետության, մեր պետականության կայացման համար»:

Մեկ-մեկուկես տարի հետո արտահերթ նախագահական, ապա խորհրդարանական ընտրություններ անցկացնելու` մամուլում հրապարակված իր առաջարկի առնչությամբ Հակոբյանը շեշտեց. - «Ինձ համար առաջնահերթությունը ազատ, արդար ընտրություններն են: Այդ պարագայում նաեւ ընդունելի է ցանկացած արդյունք: Եթե նույնիսկ միջին կարողության որեւէ անհատ ընտրվի, վստահ եմ, որ նա շատ ավելի պետք կգա մեր պետությանը, ավելի շատ օգուտ կբերի, քան կեղծիքով կարգված թեկուզ հանճարեղ ունակություններով որեւէ մեկը»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG