Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների 10 տոկոսը տեղյակ չէ, որ Վլադիմիր Պուտինն այլեւս նախագահ չէ


Ռուսաստանի Դաշնության 46 շրջաններում Հասարակական կարծիքի հետազոտման ռուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման մասնակիցների շուրջ 10-ը տոկոսը համոզված է, որ երկրի նախագահի պաշտոնը տակավին զբաղեցնում է Վլադիմիր Պուտինը:

Հարցվածների 4 տոկոսը տեղյակ չէ, թե ով է նախագահը,14 տոկոսը տեղյակ չէ, թե ով է վարչապետը, 1 տոկոսի կարծիքով` կառավարությունը ղեկավարում է Դմիտրի Մեդվեդեւը, նույնքան մարդ ենթադրում է, որ վարչապետը Վիկտոր Զուբկովն է:

Մայիսի 17-18-ը անցկացված հարցման հիմնական նպատակն էր պարզել, թե ի՞նչ տպավորություն է թողել մարդկանց վրա մայիսի 8-ին Կրեմլում տեղի ունեցած նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը:

Հարցված 1600 ռուսաստանցիների մեծ մասը դրական է գնահատել պաշտոնամուտի արարողությունը: Այն հույսի զգացում է առաջացրել հարցվածների 41 տոկոսի մոտ, երկրի համար հպարտություն՝ 35 տոկոսի մոտ, հետաքրքրություն՝ 21 տոկոսի, ոգեւորություն՝ 12 տոկոսի, հիացմունք՝ 6 տոկոսի եւ ուրախություն՝ նույնպես 6 տոկոսի մոտ, իսկ 8 տոկոսն ասել է, որ անտարբերությամբ է դիտել ռեպորտաժը: 3 տոկոսը հիասթափված են, 1-2 տոկոսը` ձանձրացած կամ վրդովված են մնացել:

Հարցմամբ ընդգրկվածների 13 տոկոսը ասել են, որ իրենց վրա մեծ տպավորություն է թողել նորընտիր նախագահի երդումը, 9 տոկոսի վրա դրական տպավորություն են թողել Մեդվեդեւի առաջին ելույթը եւ խոստումները:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG