Մատչելիության հղումներ

Հայ երիտասարդները վերադարձել են Կարսից


Այցելության ընթացքում հայ եւ թուրք երիտասարդները հասցրել են մեկ օրում համատեղ վերանորոգել Արփաչայ գյուղի տարրական դպրոցը: «Երիտասարդ կանանց ասոցիացիա»-ի նախագահ Լիլիթ Ասատրյանի խոսքերով` կամավորական աշխատանքը լավագույն միջոցներից մեկն է անկաշկանդ շփում սկսելու համար:

«Կարեւորը միասին որեւէ գործ սկսելն է, ինչի վերջնական արդյունքը հետաքրքրում է երկու կողմերին», - հավելեց Ասատրյանը:

Ծրագրի նպատակներից էր նաեւ երկու ազգերի երիտասարդների շրջանում հնարավորինս նվազեցնել թշնամական կարծիքներն ու բացասական տրամադրվածությունը: Մասնակիցները միմյանց ներկայացրել են իրենց ազգային մշակույթը: Լիլիթ Ասատրյանի խոսքով` մասնակից թուրք երիտասարդներից ոմանք շատ լավ գիտեին Շառլ Ազնավուրին, Շերիլին Սարգսյանին, բայց նրանց հայկական ծագման մասին տեղյակ չեն եղել:

Հայաստանցի երիտասարդները մեկ օր եղել են Անիում:

Արմատներով Կարսից Հասմիկ Ղարսլյանը մասնագիտությամբ լրագրող է: Ծրագրին դիմելու առաջին եւ հիմնական նպատակը Հասմիկի համար եղել է նախեւառաջ Կարսը տեսնելն ու նախկինում հայաբնակ տարածքներում լինելը: Նա կարեւորում է նաեւ կամավորական աշխատանքը:

«Միասին դպրոց վերանորոգելը կրկնակի հաճույք էր երկու կողմերիս համար», - ասում է զրուցակիցս եւ նշում, որ թուրք երիտասարդներն իրենց անգամ ոգեւորել են հոգնածության պահերին:

Զրուցակցիս խոսքով՝ մասնակից թուրք երիտասարդներից շատերն անգամ հայկական արմատներ են ունեցել, ինչը սկզբնական շրջանում գաղտնի են պահել:

Թումանյանի տուն֊-թանգարանում բացվել էր նաեւ մասնակիցների ֆոտո ցուցահանդեսը, որտեղ կային լուսանկարներ Չարենցի գրեթե ավերված հայրական օջախից, հայկական թաղամասերից ու Անիի պարիսպներից: Ցուցադրվեց նաեւ մասնակիցների կողմից նկարահանված ֆիլմը, որը պատմում է եռօրյա այցելությունների ողջ ընթացքի մասին:

Լիլիթ Ասատրյանի խոսքով` ծրագիրը շարունակական բնույթ է կրելու, ամռանը մի փոքր այլ ձեւաչափով դարձյալ այցելություն կկազմակերպվի Թուրքիա, իսկ աշնանը թուրքական խումբը պատասխան այցով կլինի Հայաստանում:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG