Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյան. «Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացմամբ»


Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացմամբ եւ դրանք դիտարկում է տնտեսական հաջողությունների, ժողովրդավարության զարգացման եւ տարածաշրջանային կայունության կարեւոր գրավական: Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը` այսօր ընդունելով Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչ, դեսպան Փիթեր Ռոզենբլատին, կոմիտեի ռազմավարական հետազոտությունների գծով տնօրեն Բերրի Ջեյտոբսին եւ Ամերիկա-հայկական հասարակական կոմիտեի գործադիր տնօրեն Ռոս Վարթյանին:

Փիթեր Ռոզենբլատը նշել է, որ Ամերիկայի հրեական կոմիտեն հրեական համայնքի առանցքային կազմակերպություններից մեկն է եւ առավելագույնս ներգրավված է միջազգային հարաբերությունների ոլորտում: Նա նաեւ ասել է, որ 1990-ականներից սկսած իրենք բավականին քաջածանոթ են հարավկովկասյան տարածաշրջանին եւ ուշադրությամբ հետեւում են տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանում վերջին անգամ եղել են 1999 թվականին: Ամերիկայի հրեական կոմիտեի հետաքրքրությունը Հայաստանի եւ Հայաստանին վերաբերող հարցերի նկատմամբ դեսպան Ռոզենբլատը պայմանավորել է ամերիկահայ համայնքի հետ սերտ կապերով:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` զրուցակիցները հիմնականում քննարկել են հայ - թուրքական հարաբերությունները եւ սահմանի բացման խնդիրը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է բնականոն հարաբերություններ կառուցել հարեւան երկրների հետ, եւ պաշտոնական Երեւանը բազմիցս հանդես է եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու օգտին:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Իսրայել փոխհարաբերությունների վերաբերյալ:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG