Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նախագահի երեք թեկնածուները միասնական են Դարֆուրի ցեղասպանության հարցում


ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում պայքարը շարունակող բոլոր երեք թեկնածուները` դեմոկրատներ Բարաք Օբաման ու Հիլարի Քլինթոնը եւ հանրապետական Ջոն ՄըքՔեյնը, ստորագրել են հայտարարություն, որում Սուդանի կառավարությանը մեղադրում են Դարֆուրում ցեղասպանություն իրականացնելու համար եւ կոչ են անում վերջ տալ բռնություններին:

Նախագահության թեկնածուների «Ցեղասպանություն» վերնագրված համատեղ հայտարարությունում, որը հրապարակվել է «Նյու Յորք Թայմս» թերթում, մասնավորապես, ասված է. - «Մենք հանդես ենք գալիս միասնաբար եւ պահանջում ենք վերջ տալ Դարֆուրում իրականացվող ցեղասպանությանը եւ բռնություններին: Մենք ցանկանում ենք հստակեցնել Սուդանի կառավարության համար, որ վիթխարի նշանակություն ունեցող այս բարոյական հարցում մեր միջեւ ջրբաժան չկա»:

«Խարթումի վարչակարգը մեծ սխալ կգործի` կարծելով, թե կարող է օգտվել Բուշի վարչակազմի փոփոխությունից», - հայտարարում են նախագահի թեկնածուները եւ վստահեցնում. - «Եթե խաղաղությունը եւ Սուդանի ժողովրդի անվտանգությունը ապահովված չլինեն մինչեւ 2009-ի հունվարի 20-ը, երբ մեզնից մեկը երդում է տալու որպես նախագահ, ԱՄՆ-ի հաջորդ վարչակազմը վճռականորեն հետամուտ կլինի այդ նպատակի իրագործմանը»:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ` հեղինակավոր պարբերականի գովազդային էջում հայտարարության տեղադրման համար վճարել է «Փրկեք Դարֆուրը» կոալիցիան, որում ընդգրկված են 180-ից ավելի ոչ կառավարական կազմակերպություններ:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը, որը նույնպես «Փրկեք Դարֆուրը» կոալիցիայի մաս է կազմում, ողջունել է նախագահության թեկնածուների համատեղ հայտարարությունը:

«Վերջին հարյուրամյակի ընթացքում աշխարհը պատուհասած ցեղասպանությունների շրջապտույտին մենք կարող ենք վերջ տալ միայն բոլոր ցեղասպանությունների մասին հստակ եւ միանշանակ խոսելու դեպքում` սկսած Հայոց ցեղասպանությունից մինչեւ Հոլոքոսթը, Կամբոջայի, Ռուանդայի ցեղասպանությունները, այժմ էլ` Սուդանի ցեղասպանությունը», - հայտարարել է, մասնավորապես, Վաշինգտոնի Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG