Մատչելիության հղումներ

Շավարշ Քոչարյան. «Երկխոսությունը պետք է լինի հիմնարար հարցի շուրջ»


Իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը «եթե պետք է լինի, ապա պետք է լինի հիմնարար հարցի շուրջ` ինչպիսի՞ Հայաստան ենք մենք ցանկանում ունենալ, վերջիվերջո»: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը:

Նրա համոզմամբ` ընդդիմությունը եւ իշխանությունը տրամագծորեն հակառակ կարծիք կունենան Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձեւի կետերի կատարման եւ այլ հարցերի շուրջ «այնքան ժամանակ, քանի չի լինի որոշակի հասարակական կոնսենսուս կամ մեծամասնության կոնսենսուս հիմնական հարցի շուրջ` ի՞նչ ուղով պետք է զարգանա Հայաստանը, ինչպիսի՞ Հայաստան ենք ցանկանում տեսնել»:

«Որովհետեւ ելնելով նպատակներից` մարդիկ նույն երեւույթը լրիվ տարբեր են գնահատում», - ընդգծեց նա: - «Ժողովրդավարական ասելը մի բան է, անելը` ուրիշ բան: Գործ ունենք երկու կողմերի հետ, որոնք ապացուցել են, որ իրականում իրենց համար ժողովրդավարությունը այդքան էլ բարձր արժեք չէ: Սա վերաբերում է ե’ւ այսօրվա արմատական ընդդիմությանը, ե’ւ իշխանությանը»:

«Երկիրը հեծանիվ է, եւ ընդդիմությունը եւ իշխանությունը ուղղակի սեղմում են տարբեր ոտնակների վրա: Եթե մեկը արգելակում է, ապա բնական է` որեւէ առաջընթաց չկա, բայց որպեսզի արգելակում չլինի, պետք է ընդամենը լինի հստակ պատկերացում` դեպի ո՞ւր ենք գնում», - նշեց Շավարշ Քոչարյանը:

Անդրադառնալով բազմակարծության ապահովման խնդրին, մասնավորապես` դրա լուծման գործում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի դերի հնարավոր ամրագրմանը սահմանադրական կամ օրենսդրական փոփոխությունների ճանապարհով, Շավարշ Քոչարյանը շեշտեց. - «Մի կողմից` սահմանադրական փոփոխությունները բավարար հիմք չտվեցին, մյուս կողմից` նույնիսկ այն ներուժը, որ կա փոփոխված Սահմանադրության մեջ, չի օգտագործվում: Համաձայն Սահմանադրության, այդ կարգավորող մարմնի հիմնական գործառույթն այն է, որ նա լինի պաշտպան ռադիոյի եւ հեռուստատեսության, որպեսզի նա կարողանա պաշտպանված լինել ոտնձգություններից, այդ թվում` պաշտոնյաների, եւ կարողանա արտահայտել այն, ինչը սահմանված է Սահմանադրությամբ: Դա պետք է լինի յուրովի օմբուդսմեն` լրատվամիջոցների այդ մարմինը, այլ ոչ թե մտրակ»:

Նրա կարծիքով, «սահմանադրական փոփոխությունները այդ առումով իրացված չեն եւ նույնիսկ հակառակը` այն օրենքը, որը ընդունվել է, ինքը չի ելնում այդ Սահմանադրության հիմնարար դրույթից»:

«Պետք է լուծել հիմնարար սկզբունքը` ի՞նչ հիմնարար առաքելություն ունի այդ մարմինը եւ ինչի՞ հիման վրա նա պետք է գործի», - ամփոփեց Շավարշ Քոչարյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG